Թուրքիան դատի է տալիս Իսրայելին
Թուրքիան պատրաստվում է դատական հայց ներկայացնել ՄԱԿ-ի միջազգային դատարան ընդդեմ Իսրայելի` պահանջելով անօրինական ճանաչել Գազայի հատվածի շրջափակումը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «ԲիԲիՍի»-ն, հայտարարել է երկրի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Լեհաստանում կայացած ԵՄ արտգործնախարարների հանդիպման ընթացքում:
Դավութօղլուն հայտարարել է, թե Անկարան հրաժարվում է ընդունել «ՄԱԿ-ի Մավի Մարմարայի» առնչությամբ զեկույցի եզրակացությունները, որտեղ Գազայի շրջափակումը օրինական էր ճանաչվել և պատրաստվում է վիճարկել այն դատարանում:
Հիշեցնենք, սեպտեմբերի 2-ին զեկույցի հրապարակումից հետո, Թուրքիան հետ կանչեց իր դեսպանին Իսրայելից և հայտարարեց երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների մակարդակը մեկ աստիճանով իջեցնելու մասին: