Զինվորին խելագարության հասցնելու դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել
Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Գևորգ Կոստանյանի ցուցումով Ասկերանի զորամասերից մեկում ծառայած Հովհաննես Վարդանյանին բանակում խելագարության հասցնելու դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ Քր.Օր.-ի 375 հոդվածի հատկանիշներով` «իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը»: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Գևորգ Կոստանյանը:
Հովհաննես Վարդանյանն այժմ Երևանի Նորքի հոգեբուժարանում է գտնվում: Համացանցում հայտնված տեսանյութում նրա հայրը` Վարդան Վարդանյանը պատմում է, որ իր որդին 1 տարի 2 ամիս ծառայում է ու այդ ընթացքում տղայի առողջության հետ կապված ոչ մի խնդիր չի եղել: Այնուհետև ավագ Վարդանյանին զանգել են և ասել, որ նրա տղան ընդհարվել է սպայի հետ և միայն 17 օր հետո է տեղեկացել, որ տղան հոգեբուժարանում է: Հոր խոսքով, առանց իր իմացության 9 օր տղան եղել է հոգեբուժարանում: Հովհաննես Վարդանյանն էլ պատմել է, որ զորամասի սպան իրեն ծեծել է ու փորձել է բռնաբարել:
«Մամուլի հրապարակումները դիտարկելով որպես հանցագործության մասին հաղորդում իմ ցուցումով հարուցվել է քրեական գործ և նախաքննությունը հաձնարարվել է պաշտպանության նախարարության քննչական ծառայությանը և ընթանում է քննություն», -հավելեց զինդատախազը` նկատելով, որ քննության ընթացքում ձեռ բերված ապացույցների հիման վրա կոնկրետ որակումներ կտրվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան