«Վայքի երեխան ծնվել է կենդանի, բայց չի ճչացել». Հարուցվել է քրեական գործ
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի ցուցումով ոստիկանության Վայոց Ձորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով /Բժշկակական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը/: Այդ մասին Pamorama.am-ին տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:
«Վայքի բուժական միավորում» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգի կողմից Գնդեվազ գյուղի բնակչուհի Արմինե Թորոսյանի ծննդաբերության ընթացքում իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ մամուլի հրապարակումների հիման վրա ոստիկանության Վայոց Ձորի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը նշված դեպքի կապակցությամբ` տրամադրում ենք տեղեկատվություն 05.09.2011թ. դրությամբ պարզված հանգամանքերի վերաբերյալ:
Գնդեվազ գյուղի բնակչուհի Ա. Թորոսյանը 2011թ. փետրվարի 2-ին որպես հղի հաշվառվել է «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում: Ընդհանուր առմամբ հղիությունն ընթացել է նորմալ և պտղի մոտ խնդիրներ չեն հայտնաբերվել, զարգացումն ընթացել է նորմայի սահմաններում:
Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` 2011թ. հերթական կոնսուլտացիայի ժամանակ հղի Ա. Թորոսյանը «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ում անցել է սոնոգրաֆիկ հետազոտություն, որի ժամանակ պարզվել է, որ արձանագրված հղիության ժամկետը չի համապատասխանում հղիության օբյեկտիվ տվյալներին: Հղին ուղեգրվել է դոպլեր քննության` «Արմենիա» ԲԿ: Մի քանի օր անց Ա. Թորոսյանն իր կոնսուլտացիոն բժշկին հեռախոսով տեղյակ է պահել, որ դոպլեր հետազոտությամբ իր մոտ խնդիրներ չեն հայտնաբերվել և այլևս չի ներկայացել կոնսուլտացիաների:
2011թ. օգոստոսի 11-ին Ա. Թորոսյանը դիմել է «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք: Օգոստոսի 11-ին, ինչպես նաև օգոստոսի 14-ին տնային հերթապահությունն իրականացրել է «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչը, ով օգոստոսի 11-ին զննելով ծննդկանին` պարզել է, որ ծննդաբերական ընթացք չկա, նշանակել միջմկանային անալգին-դիմեդրոլ` ցավերը հանգստացնելու համար, և ուղարկել տուն:
2011թ. օգոստոսի 14-ին` ժամը 5:00-ի սահմաններում, Ա. Թորոսյանը կրկին դիմել է վերոհիշյալ բուժհաստատություն: Հերթապահ մանկաբարձուհին զննել է նրան, զանգահարել մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչին ու հայտնել, որ ծննդկանի վիճակը նորմալ է և ներզննման տվյալներով արգանդի պարանոցի բացում չկա: բաժանմունքի վարիչը հեռախոսազրույցի ընթացքում ցուցում է տվել կատարել մաքրող հոգնա, իսկ ինքը հիվանդանոց է գնացել 10:30-ին, անձամբ կատարել ներզննում և պարզել, որ արգանդի պարանոցի բացումը 2սմ է, պտղապարկը` պահպանված, իսկ հեմոդինամիկ մյուս տվյալները` նորմալ: Պտղի սրտի աշխատանքը եղել է 147-148 զարկ 1 րոպեում, ինչը ևս նորմայի սահմաններում է եղել: Ծննդկանի հերթական զննումը կատարվել է 16:30-ին, զննման տվյալներով ծննդաբերության ընթացքը եղել է նորմալ: Հղիի մոտ ճիգային շրջանը սկսվել է ժամը 20:00-ին, արգանդի պարանոցի բացվածքը եղել է լրիվ:
Ժամը 21:00-ին նկատվել է ճիգային շրջանի թուլություն: Անմիջապես ձեռնարկվել է ստիմուլյացիա` ծննդաբերության խթանում, պտղի սրտի աշխատանքը եղել է նորմալ, ներարգանդային թթվածնային քաղց չի ախտորոշվել: Ժամը 22:15-ի սահմաններում պտղի մոտ նկատվել է թթվածնային քաղց, իսկ գլուխը եղել է կոնքի ելքի ուղիղ չափսում, որի դեպքում ցուցված է եղել կատարել վակում – էքստրակցիա: Սակայն բուժմիավորումում տվյալ գործիքների բացակայության պատճառով կատարվել է էպիզքոտոմիա` շեքի կտրվածք, որից հետո մանակաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչը պտղի պարանոցի հատվածից բռնելով` դուրս է բերել:
Երեխան ծնվել է կենդանի, բայց չի ճչացել: Երեխայի պարանոցին եղել է պորտալարի եռակի փաթաթում և պորտալարի վրա եղել է մեկ իսկական հանգույց: Բաժանմունքի վարիչը նորածնի պարանոցն ազատել է պորտալարից և թուլացրել հանգույցը: Երեխայի սրտի աշխատանքը եղել է նորմալ, սակայն երեխան լիարժեք չի շնչել: Այնուհետև բաժանմունքի վարիչի և մանկաբարձուհու կողմից կատարվել է նորածնի վերին շնչուղիների արտածծում, արհեստական շնչառություն և վերակենդանացման այլ միջոցառումներ, որոնք օգոտ չեն տվել: Երեխան չի ճչացել շուրջ 40 րոպե:
Այնուհետև մանակաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչի կողմից հրավիրվել են նույն բուժմիավորման բժիշկ անեսթեզիոլոգ – ռեանիմատոլոգը և մանկաբույժը: Վերջիններիս ներկայանալուց հետո մանակաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչն օգնություն է ցույց տվել Ա. Թորոսյանին:
Տեսնելով, որ երեխայի վիճակը ծանր է` համապատասխան կանչ է տրվել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից: 2 ժամ անց ժամանած շտապ օգնության անձնակազմը համապատասխան բուժօգնություն ցույց տալուց հետո երեխային տեղափոխել է Երևան քաղաքի «Մուրացան» համալսարանական հիվանդանոց, որտեղ և 2011թ. սեպտեմբերի 4-ի մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան