«Ժառանգություն»-ը խոստացել է աջակցել գիտնականներին ու գիտության ֆինանսավորումը հասցնել 3 տոկոսի
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, վարչության անդամներն ու խմբակցության պատգամավորները հանդիպել են «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան խմբի հինգ ներկայացուցիչների, այդ թվում` ՀՀ Ազգային ակադեմիայի թղթակից անդամ Արթուր Իշխանյանի, ԱՐՄԱԿԱԴ ցանցի համակարգող Խաչիկ Գևորգյանի և մի քանի երիտասարդ գիտնականների հետ: Վերջինները ներկայացրել են գիտության ֆինանսավորման ավելացմանը վերաբերող նոր առաջարկներ, որոնք պատրաստվում են ներկայացնել նաև Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին: Այս մասին հայտնեցին «Ժառանգություն» կուսակցության լրատվական վարչությունից:
«Ժառանգության» ներկայացուցիչները ողջունել են ֆեյսբուքյան այս նախաձեռնության ակտիվ գործունեությունը, ինչպես նաև իրենց պատրաստականությունը հայտնել հետևողականորեն աջակցել խմբին` իրենց պահանջների իրականացման հարցում, նաև շարունակել պայքարը գիտության ֆինանսավորումը արդեն 2012թ. բյուջեում 3%-ի հասցնելու ուղղությամբ, ինչը նաև ներառված է կուսակցության 2007թ. նախընտրական ծրագրում, և այդ հարցում համագործակցել հասարակական և քաղաքական տարբեր ուժերի հետ:
Հավելենք, որ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում տեղադրված են բազմաթիվ կոնկրետ առաջարկություններ` ուղղված գիտության ֆինանսավորման մեղանիզմների արդյունավետությունը բարձրացնելուն, գիտության ներսում ֆինանսական հոսքերի կառավարման նոր մեթոդների ներդրմանը և գիտական արտադրանքի գնահատման նոր չափորոշիչների կիրառմանը: