Ստամբուլի հայերի կոտորածից անցել է 56 տարի
Ուղիղ 56 տարի է անցել այն դեպքերից, ինչ Ստամբուլում թուրքերի խելագարված ամբոխը հարձակվեց քաղաքի քրիստոնյա բնակչության վրա` կոտորելով նրանց, թալանելով ու այրելով վերջիններիս պատկանող տներն ու խանութները: Ողբերգությունից անցել է 56 տարի, սակայն արհավիքի հիշողությունը թարմ է առաջին օրվա պես:
Ստամբուլում ապրող քրիստոնյաների ապրած մղձավանջը սկսվեց այսպես. Ըստ «Ermenihaber.am» (Էրմենիհաբեր) լրատվական կայքի` Թուրքական «Ekspres» թերթի հրապարակած` «Սալոնիկում Աթաթուրքի տունը հույները պայթեցրել են» վերտառությամբ հոդվածից հետո 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ը հազարավոր անձիք` ձեռքներին կացիններ ու մահակներ սկսեցին հարձակվել բոլոր ոչ մուսուլմաների տների վրա քանդել ու վառել դրանք:
Սովորաբար 20 հազար տպաքանակով տպագրվող այս թերթը այդ օրը 290 հազար օրինակով տպագրվեց ու ժողովրդին ոտքի հանելու համար արագ տարածվեց մարդկանց շրջանում:
Այլ քաղաքներից գնացքներով եկած վայրագ խմբերը ներխուժում էին քրիստոնյաների տներ թալանում ու այրում դրանք:
Սա Թուրքիայի` երկրում ապրող ոչ մահմեդական ազգերին թուրքացնելու կամ վերացնելու պլանի հերթական դրսևորումն էր: Այս դեպքերից քիչ անց այդ ժամանակվա նախագահ Ջելալ Բայարի արած «հավանաբար չափն անցել ենք» հայտարարությունը ապացուցում էր, որ սպանդը իշխանության կողմից նախապես պլանավորված է եղել:
Դեպքերից հետո տեղի քրիստոնյաները ծանր հոգեբանական տրավմա և վախ ապրեցին: Նրանց թվում էր նաև «Ագօս» թերթի խմբագիր Բագրատ Էսթուկյանը: «Այս դեմպքերից հետո, երբ մորս և հորս հետ փողոց էի դուրս գալիս, ինձ արգելում էին հայերեն խոսել: Սեփական ինքնությունը թաքցնելու այս ցանկությունը վերապրած տրավմայի արդյունք է: Բոլորը ջանում էին ցույց տալ, թե իրենք թուրք են»,- պատմում է Էսթուկյանը: