Քաղաքապետարանը խոստացել է բարելավել թիվ 23 երթուղու աշխատանքը. բա՞ մնացածը
Քաղաքապետ Կարեն Կարապետյանի facebook սոցիալական ցանցում անձնական էջը սոցցանցի օգտատերերի համար յուրատիպ փրկություն է այն իմաստով, որ գոնե վստահություն կա` այստեղ տեղադրված ցանկացած բողոք տեղ կհասնի:
Սեպտեմբերի գալուն պես պարզ դարձավ` քաղաքային երթևեկությունը շատ-շատերի համար ուղղակի պատուհաս է այն իմաստով, որ դասաժամերի գրաֆիկների փոփոխությունից բացի կա մեկ այլ խնդիր ևս` Երևանի տրանսպորտային միջոցները հատկապես առավոտյան այդ ժամերին ուղղակի ունակ չեն սպասարկել աշխատանքի շտապող բոլոր երևանցիներին: Սրան էլ գումարվում է այն, որ միջքաղաքային տրանսպորտի վերջնակայանների փոփոխությունն ավելորդ լարվածություն է մտցրել արդեն իսկ ձևավորված ուղղություններում ու նաև ավելորդ ծանրաբեռնվածություն, այնպես որ այնպիսի գրառումներ, ինչպիսիք են`
«Պարոն Կարապետյան, փաստորեն ամբողջ ամառվա ընթացքում չկարողացաք մի լավ բան մտածել Երևանի տրանսպորտային խնդիրները լուծելու համար: Թողնեն մենակ խոսեք` երկու օր է, ինչ ստիպված եմ տաքսի նստել գործի հասնելու համար: ԴՌԱՅՎ եմ ասել»
կամ`
«Ապրում եմ Արաբկիր թաղամասում` Ռայկոմ, առավոտյան աշխատանքի գնալիս շատ մտահոգիչ է կանգառների լեփլեցուն վիճակը և Ազատության պողոտայում խցանումները, մի կերպ կարողանում ենք նստել շրջաններից եկող տրանսպորտային միջոցները» և այլն, հաճախակի կարելի է հանդիպել տեղադրված քաղաքապետի անձնական էջում:
Սակայն վերջին գրառումները վկայում են, որ, այդուհանդերձ, հրաշքներ երբեմն տեղի են ունենում և քաղաքացու մտահոգությունները քաղաքային իշխանությունները հաշվի են առնում ու փորձում մեղմել: Օրինակ, ընդամենը նախօրեին տեղադրված գրառումն այն մասին, թե`
«Կամ հետ վերադարձրեք թիվ 7 քաղաքային տրանսպորտը, կամ 17-19 ընկած ժամանակահատվածում խնդրում եմ Ձեր պատասխանատուները թող Մաշտոցի պողոտայի փակ շուկայի կանգառում թիվ 23 քաղաքային տրանսպորտի հույսին մնան մի քանի օր, որ կազմված ժամանակացույցը և իրական պատկերը իրարից տարբերեն»
այսօր իսկ պատասխանի է արժանացել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանի կողմից:
Վերջինս քաղաքապետի facebook-յան էջում բողոքը ներկայացրած օգտատերին տեղեկացրել է, որ ` «Ներքաղաքային ավտոբուսային 23 երթուղու աշխատանքը բարելավելու նպատակով երթուղին սպասարկող կազմակերպությանը հանձնարարվել է ավելացնել երթուղում շահագործվող ավտոբուսների քանակը, որի արդյունքում կկրճատվի շարժակազմերի միջև շարժման միջակայքը: Միաժամանակ երթուղու աշժատանքը վերցված է հսկողության տակ»:
Շ.Սարդարյանը նմանատիպ մի շարք բողոքների կապակցությամբ տեղեկացրել է նաև, որ հասարակական տրանսպորտի հետ կապված բոլոր բարձրացված հարցերը փոխանցվել են համապատասխան ստորաբաժանումներին, կուսումնասիրվի վիճակը, որի համապատասխան տեղեկատվությունը կտրամադրվի: Իսկ բացի այդ` ներկայում համապատասխան կառույցների կողմից իրականացվում է ներքաղաքային տրանսպորտի շահագործման մոնիտորինգ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին