ԳԱԱ-ն որոշել է երիտասարդ գիտնականների համար սահմանել «Ակադեմիա» անվանակարգով ամենամյա մրցանակ
ՀՀ ԳԱԱ նախագահությունում այսօր հրապարակվել են 2010թ. «Լավագույն գիտական աշխատանք» ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների անունները:
Մրցանակաբաշխությունն ավանդաբար անցկացվում է 2008թ-ից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից: Մրցանակաբաշխությանը մասնակցել են մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներ: Հայտարարված 14 անվանակարգերում ներկայացվել են 37 գիտական հոդվածաշարներ, մենագրություններ:
Հաղթողներ են ճանաչվել` Տաթևիկ Շախկուլյանը (Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա)` Կոմիտասի մասին հոդվածաշարի համար «Արվեստ, լեզու եւ գրականություն» անվանակարգում , Անահիտ Մենեմշյան (ԵՊՀ)` «Le Monde» և հայ իրականությունը» աշխատության համար «Հայագիտություն և ազգագրություն» անվանակարգում, Արման Եղիազարյան (ԵՊՀ)` «Հայ Բագրատունիների տերության պատմության և պատմական աշխարհագրության հարցեր» հոդվածաշարի համար «Պատմություն» անվանակարգում, Վահրամ Տեր-Մաթևոսյանը (Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ) «Իսլամը Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքում (1970-2001թթ.) աշխատության և Ռուբեն Մելքոնյանը (ԵՊՀ) «Իսլամացված հայերի խնդիրների շուրջ» աշխատության համար «Արևելագիտություն» անվանակարգում, Էմիլ Օրդուխանյանը (ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ)` «Քաղաքական խոսույթի առանձնահատկությունները հայ հասարակության փոխակերպման գործընթացում» գիտական հոդվածների շարքի համար «Սոցիոլոգիա» անվանակարգում, Անահիտ Մանասյանը («Այ Էյ Բի» Հայ-բրիտանական կրթական կենտրոն)` «Արհեստական ինտելեկտի կիրառումը տնտեսագիտության բնագավառում» հոդվածաշարի համար «Տնտեսագիտություն» անվանակարգում, Հայկ Սուքիասյանը (ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ)` «Տեղեկատվական հասարակություն, սոցիալ-քաղաքական հիմնախնդիրները» աշխատության համար «Քաղաքագիտություն և իրավագիտություն» անվանակարգում, Խաչատուր Մանուկյանը (ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ)` «Այրման ռեժիմում օքսիդների վերականգմամբ ստացված մետաղական և կերամիկական նյութեր» աշխատության համար «Քիմիա» անվանակարգում, Ջոն Կարապետյանը (ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ ՊՈԱԿ)` «Գրունտների տատանումների քանակական պարամետրերի համակողմանի վերլուծությունը և նրանց գնահատումը կախված երկրաշարժի մագնիտուդից» աշխատության համար «Երկրաբանություն» անվանակարգում, Քրիստինե Փիրումյանը (ԵՊՀ)` «Իոնական ուժի ազդեցությունը ԴՆԹ-ի հետ Hoechst 33258-ի կապման առանձնահատկությունների վրա» աշխատության համար «Կենսաբանություն» անվանակարգում, Հայկ Խաչատրյանը (ԵՊՀ) «Այրման հիման վրա կերամիկական կոմպոզիցիոն նյութերի ստացման և դրանց կոնսոլիդացման նոր տեխնոլոգիա» աշխատության համար «Տեխնիկական գիտություններ» անվանակարգում, Դավիթ Հայրապետյանը (Հայ-Ռուսական Համալսարան)` «Բարդ երկրաչափությամբ քվանտային կետերի էլեկտրոնային և օպտիկական հատկություններ» աշխատության համար «Ֆիզիկա» անվանակարգում, Հայկ Գրիգորյանը (ԵՊՀ)` «Բազմաչափ բազմաժապավեն ավտոմատների համարժեքության խնդիրը» աշխատության համար և Հրաչյա Ասցատրյանը (ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ) Գրիդ ինֆրակառուցվածքի հենքի վրա պրոբլեմ կողմնորոշված միջավայրերի մշակում» աշխատության համար «Ինֆորմատիկա» անվանակարգում, Սմբատ Գոգյանը (ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտ) «L1(0,1)-ում թույլ ագահ ալգորիթմի զուգամիտության մասին» աշխատության համար (Մաթեմատիկա և մեխանիկա) անվանակարգում:
ՀՀ ԳԱԱ որոշել է նաև երիտասարդ գիտնականների համար սահմանել «Ակադեմիա» անվանակարգով ամենամյա մրցանակ: Այն ամեն տարի կհայտարարվի մինչև 35 տարեկան այն գիտնականների համար, որոնց գիտական աշխատանքները` հոդված, հոդվածաշար և այլն, կհավաքեն ամենաբարձր իմպակտ-ֆակտորը: Մրցանակի չափը սահմանվել է 2 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Մրցանակի կանոնադրությունը գտնվում է մշակման փուլում: Մոտ ժամանակներս կհայտարարվի 2011թ. առաջին մրցանակաբաշխության մասին:
Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին