Ինչպիսին պետք է լինի բարձրագույն կրթության ապագան. Համաժողով` Հայաստանում
Հայաստանի և Լեհաստանի Բոլոնիայի գործընթացի համանախագահության շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմակերպել է միջազգային համաժողով` նվիրված բարձրագույն կրթության ֆինանսավորման խնդիրներին:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը բացման խոսքում նախ շնորհակալություն հայտնեց` համաժողովը Երևանում անցկացնելու համար, ապա նշեց, որ հենց այստեղ անցկացնելն ունի առանձնահատուկ խորհուրդ` Հայաստանը նշում է իր անկախության 20- ամյակը:
Համաժողովի թեման, ըստ նրա, խիստ արդիական է Հայաստանում: «Ֆինանսական մեխանիզմների տեսակետից կարևոր է ուսումնասիրել եվրոպական փորձը, բացահայտել այն ուղղությունները, որտեղ պետությունը պետք է ցուցաբերի օգնություն: Բանավեճային է մնում մեզ համար այն խնդիրը, թե որն է լավագույն մեխանիզմը` օգնել ուսանողներին ստանալ ուսանողական վարկեր, որոնք են այն մեխանիզմները, որ սոցիալապես անապահով ընտանքիների տաղանդավոր երեխաներին օժանադակել` ստանալ բարձրագույն կրթություն, համալսարանները ներկայացնեն ծրագրեր, որ ստանան պետական աջակցություն, ինչպես ենք ապահովելու մասնավոր հատվածի համագործակցությունը բուհերի հետ և եվրոպական փորձն ինչպիսի մոդելներ կարող է առաջարկել, ինչպես խրախուսել, որ բուհերն ամբողջությամբ նվիրվեն նաև նոր գիտելիքի ստեղծմանը: Այս բոլոր հարցադրումները մեզ համար արդիական են, և համզված եմ, որ համաժողովի ընթացքում մենք կստանանք նաև մեզ հետաքրքրող պատասխաններ»,- ասաց վարչապետը:
Եվրահանձնաժողովի բարձրագույն կրթության բաժնի ղեկավար Ադամ Թայսոնն իր խոսքում ասաց, որ համաժողովի ընթացքում քննարկվելու է բարձրագույն կրթության ապագան: «Մեր խնդիրն է փորձի փոխանակումը և ուսանողների համար առավելագույն հնարավորությունների ընձեռումը 47 պետություններում սովորելու համար»,- ասաց նա, հավելելով, որ այսօր ԵՄ-ում 19 միլիոն ուսանող է սովորում 40 հազար բուհերում, սակայն մրցակիցներ ԱՄՆ-ից, Կորեայից, Ավստրալիայից իր ցուցանիշներով հետ է մնում: Նրա խոսքով, բուհական ծախսերը բավական քիչ են Եվրոպայում, ուստի կառավարությունները պետք է ավելացնեն կրթության համակարգի համար հատկացվող գումարը:
Նշենք, որ համաժողովի հիմնական նպատակն է բարձրագույն կրթության ֆինանսավորման մեխանիզմների, կրթության որակի, հավասարության, արդյունավետության և մի շարք այլ հարցերի շուրջ տեսակետների և կարծիքների փոխանակումը:
Համաժողովն իր աշխատանքները կշարունակի նաև վաղը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան