Անկարան՝ Վաշինգտոն-Մոսկվա-Թեհրան եռանկյունու թիրախում
«Պաշտոնական Անկարան առաջիկայում էլ ավելի դժվարին կացության մեջ կհայտնվի Վաշինգտոն-Մոսկվա-Թեհրան եռանկյունու հետ իր հարաբերություններում»,-խոսելով Թուրքիայիում ՆԱՏՕ-ի ՀՀՊ ռադարների տեղակայման մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
Ըստ նրա, Թուրքիան իրեն բնորոշ ոճով առավելապես փորձելու է մանևրել այդ հարաբերություններում: Արդեն կան տվյալներ, որ այդ ռադարները կարող են տեղակայվել Թուրքիայի արևելյան շրջաններում, մասնավորապես, խոսք է գնում Դիարբեքիրի մասին, ինչը, փաստորեն, գտնվում է իրանական սահմանին մոտ: «Չնայած Թուրքիայի վարչապետ Էրդողանի վերջին լղոզված մեկնաբանություններին, ակնհայտ է, որ այդ համակարգերն առաջին հերթին պայմանավորված են իրանական գործոնով, քանի որ այլ հավանական սպառնալիք այդ առումով չկա»,- ասաց Լ. Հովսեփյանը:
Թուրքագետի խոսքերով, ռուսական և իրանական կողմերն արդեն հայտնել են իրենց անհանգստություններն, և Թուրքիան ստիպված է լինելու բացատրություններ ու հստակ երաշխիքներ տալ, ինչի հարցում դժվար թե Անկարան համոզիչ կարող է լինել:
«Պատահական չէ նաև այն, որ իրանական կողմի պաշտոնական հայտարարություններից հետո, թուրք-իրանական սահմանին նախաձեռնվել են լայնամասշտաբ ռազմաօդային զորավարժություններ, ինչը կարելի է դիտարկել որպես Իրանի անհանգստության ու զգոնության ուղերձի դրսևորում: Ակնհայտ է, որ Թուրքիան Իրանի համար տարածաշրջանում չի հանդիսանում վստահելի գործընկեր, իսկ ռուս-թուրքական հարաբերությունները պայմանավորված են առավելապես տնտեսական շահերով, որոնց հարաբերություններում կան խորքային հակասություններ ու աշխարհաքաղաքական մրցակցություն: Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ և չնայած այդ երկրի ռազմաքաղաքական ինքնուրույնության փորձերին, այդ երկիրը դեռևս գտնվում է Արևմուտքի ռազմաքաղաքական ազդեցության տակ և էապես չի կարող շեղվել դրանից»,- հավելեց թուրքագետը:
Նույն հարցի շուրջ ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, թե Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի միասնական ՀՀՊ-ի նման բաղադրիչի տեղադրությունը ռազմական տեսանկյունից շատ հետաքրքիր առանձնահատկություններ ունի:
«Նախ առաջին անգամ է, որ Թուրքիայի տարածքում տեղադրվում է ՀՕՊ-ՀՀՊ-ի նման հզոր միջոց: Չնայած նրան, որ Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ, ՀՕՊ սպառազինությունը բավականին թույլ էր համեմատած այլ անդամ երկրների: Ինչպես գիտենք, ներկայումս Թուրքիան մրցույթ է անցկացնում հեռահար ՀՕՊ միջոցների ձեռքբերման համար, որոնք կունենային նաև ՀՀՊ-ի հնարավորություններ: Այդ մրցույթին մասնակցում է նաև ռուսական համալիրները: Սակայն այս զարգացումների պարագայում բավական խնդրահարույց է դառնում ռուսական համալիրների ձեռքբերումը Թուրքիայի կողմից: Նախ և առաջ ՌԴ-ն անհանգստություն արտահայտեց ՀՀՊ-ի հետախուզական բաղադրիչի տեղակայման կապակցությամբ: Բացի դրանից, ՆԱՏՕ-ն հետագայում ավելի խիստ կլինի Թուրքիայի հանդեպ ռուսական համալիրների ձեռք բերման գործում»,- ասաց նա:
Փորձագետի խոսքերով, զուտ տեխնիկական տեսանկյունից, Դիարբեքիրում տեղադրվող ռադարը հնարավորություն կարող է ունենալ վերահսկել նաև ՌԴ-ն` հարավային հատվածներից արձակված բալիստիկ հրթիռների թռիչքները, ինչը բնականաբար չի կարող չանհանգստացնել ռուսական կողմին:
«Սա ունի իր նախադեպերը և գրեթե միշտ արժանացել է նույն կոշտ վերաբերմունքին: Նման ամենատես հետախուզական միջոցը լրացուցիչ լարվածություն կառաջացնի տարածաշրջանում, քանի որ կարող է վերահսկել գրեթե բոլոր տեսակի թռչող սարքերի հետագծերը: Ռուսական և մասնավորապես իրանական կողմի հակազդեցությունը խոստանում է շատ կոշտ լինել, ինչին արդեն ականատես ենք լինում»,- եզրափակեց Ա. Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում