«Ուշ, թե շուտ ձեր անեծքը օրհնանքի ա վերածվելու». Պաշտպանության փոխնախարարը` սևազգեստ մայրերին
«Ես եկել եմ, որ տասը րոպե էլ, տասը ժամ էլ ձեզ հետ խոսեմ, որ մեկն ա եկել, որ իմ դուռը փակվել ա իրա դիմաց», -այսօր «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած «Սևազգեստ բանակ» ակցիային մասնակից և զինվոր որդիներ կորցրած մայրերի հետ հանդիպման ժամանակ նախագահի նստավայրի մոտ դիմելով նրանց ասաց պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը:
Սևազգեստ կանայք մեկը մեկին հերթ չտալով, փորձում էին Գասպարյանից ինչ-որ հստակ խոսք կորզել, հասկանալ` ինչ է կատարվում, որ իրենց որդիների մահվան փաստերի առթիվ հարուցված քրեական գործերի առնչությամբ կամ սխալ նախաքննություն է ընթանում կամ կեղծվում է ամեն ինչ:
«Ձեր կաբինետում ընդունելություն արեցիք, ասեցիք` մեզ պաշտպանության նախարարը հանձնարարություն է տվել, հիմա ես Պաշտպանության նախարարի տեղակալն եմ և ամեն ինչ կանեմ գործը բացահայտելու: Եվ ի՞նչ արեցիք շուրջ 10 ամսվա ընթացքում», - Գասպարյանին դիմելով ասաց 2001-ին զոհված Արայիկ Ավետիսյանի մայրը` Անահիտ Մկրտչյանը:
Արձագանքելով տիկին Մկրտչյանին, պաշտպանության փոխնախարարը պատասխանեց. «Ես երբեք իմ կենսագրության մեջ իմ ասած խոսքը գետնին չեմ գցել: Եվ Աստված թող լինի վկա: Իսկ ինչ վերաբերվում է կոնկրետ գործին, դա ընթացք է, որը, հավատացեք, ես կոորդինացնում եմ, ես քննիչը չեմ: Հաստատ մի բան իմացեք, արյուն լափողի զավակը` թող արյուն լափի և դրանք քողարկողի զավակը` թող արյուն լափի, և էն կսկիծը, որ դուք ունեք, եթե մեր տեսակը իր մեջով չի անցկացնում թող իր զավակը լափի դա: Չի կարելի տենց: Ես ձեր վիշտը հասկանում եմ: Ինչ ուզում ես ասա, ասա` հապաղում ես, բայց մի ասա խաբեցիր»:
Շարունակելով կնոջ հետ զրույցը, նա նախ ասաց, որ եկել է հանդիպելու մայրերի հետ, որ հասկանա` ինչ է կատարվում, ինչ պետք է անել, այնուհետև հավելեց. «Ես գիտեմ` ուշ, թե շուտ ձեր անեծքը օրհնանքի ա վերածվելու»:
Մանվել Հազրոյանի հորաքույրը արտասվեց Գասպարյանի առաջ ու լացելով էլ խնդրեց. «Ես Հազրոյանի գործով արդար դատավարություն եմ խնդրում, ես ուզում եմ արդար դատավարություն, ուղղակի խնդրում եմ, աղաչում եմ, մենք մարդասպան չենք»:
«Ցավոք սրտի, ես ծանոթ եմ այդ գործին, ես պատրաստ եմ ձեզ հետ քննարկել ամեն ինչ այդ գործի մասին, խնդիր չկա», -խոստացավ փոխնախարարը` նշելով, որ դատակլան գործընթացը հրապարակային է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին ժամը 24.00-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում, ինչպես պաշտոնապես հայտարարել էր պաշտպանության նախարարությունը, չորս զինվորի սպանության մեջ միակ մեղադրյալը Մանվել Հազրոյանն է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան