Գաֆէսճեանում այսօր կբացվի «Վիկտոր Վազարելի. Օպտիկական հեռանկարներ» ցուցահանդեսը
Այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում կբացվի «Վիկտոր Վազարելի. Օպտիկական հեռանկարներ» ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված 44 ստեղծագործությունները պատկանում են Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուին:
«Արծիվ» սրահը այցելուների համար դռները կբացի ժամը 10.00-ին: Սրահի մուտքն ամբողջ օրվա ընթացքում կլինի անվճար: Այս մասին հայտնում են թանգարանի հանրային կապերի և մարքեթինգի բաժնից:
«Այս ցուցադրությամբ մենք հայ հանդիսատեսին ենք ներկայացնում համաշխարհային հռչակ ունեցող, օպ-արտի (օպտիկական արվեստի) հիմնադիր Վիկտոր Վազարելիին: Գաֆէսճեան արվեստի կենտրոնը շարունակում է ակտիվորեն ներկայացնել ժամանակակից արվեստն իր ողջ բազմազանությամբ», - նշել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
Նա հայտնել է նաև, որ «Վիկտոր Վազարելի. Օպտիկական հեռանկարներ» ցուցահանդեսի շրջանակներում կգործի երկու կրթական ծրագիր: «Օպ-արտ. Գույնի և ձևի փոխակերպումներ» ծրագիրը նախատեսված է 5-11 տարեկան երեխաների համար, մինչդեռ «Տպագրական արվեստի ներածություն» ծրագրին կարող են մասնակցել նաև դեռահասները և երիտասարդները: «Ծրագրերի նպատակն է` նպաստել Վազարելիի բազմակողմանի արվեստի բացահայտմանը, զարգացնել երեխաների ստեղծագործական միտքը, ինչպես նաև ներկայացնել տպագրությունն իբրև արվեստի տեսակ», - հավելել է Վ. Մարաբյանը:
Առաջին «Օպ-արտ. Գույնի և ձևի փոխակերպումներ» ծրագիրը տեղի կունենա հենց ցուցահանդեսի բացման օրը` սեպտեմբերի 10-ին, ժ. 12.00-ին: Կրթական ծրագրերի գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ):
Ինչպես հայտնեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ղեկավար Վահագն Մարաբյանը, սեպտեմբերի այսօրվա ցուցահանդեսի բացումը կզուգորդվի նաև «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական միջոցառմամբ: Այս անգամ այն կբացահայտի օպ-արտն` իբրև ժամանակակից արվեստի յուրահատուկ դրսևորում: Միջոցառումը կներառի շրջայց ցուցասրահում, «Վիկտոր Վազարելի. Օպտիկական հեռանկարներ» ցուցադրությանը զուգահեր անցկացվող կրթական ծրագրերի ներկայացում: Այնուհետև արվեստաբան Լիլիթ Սարգսյանը կներկայացնի օպ-արտ ուղղությունը:
20-րդ դարի արվեստի ակնառու ներկայացուցիչ Վիկտոր Վազարելին ծնվել է 1906թ. Հունգարիայի Պեչ քաղաքում: Մասնագիտական կրթությունը ստանալով նախ` Պոդոլինի-Վոլկման, ապա` «Մյուհելի» ակադեմիայում: 1930թ. Վազարելին տեղափոխվում է Փարիզ: Ուսումնասիրելով օպտիկական ազդեցության, գույն-ձև փոխհարաբերության հիմնախնդիրները ª Վազարելին զարգացնում է երկրաչափական աբստրակցիայի իր ոճը` հիմք դնելով արվեստի նոր ուղղության: 1965թ. Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում օպտիկական արվեստին նվիրված «Responsive Eye» (Զգայուն աչք) ցուցադրությունից հետո Վազարելին հռչակվում է օպ-արտի նախահայր:
Սահմանելով ձև-գույն միասնության սկզբունքը` Վազարելին ստեղծում է «գեղարվեստի այբուբենը», որի բաղկացուցիչ «հիմնատարրերը» գույնի և ձևի վերադասավորումների ու փոխակերպումների արդյունքում առաջացնում են հորինվածքների անսահմանափակ համակցություններ: Մշակելով «գեղարվեստի այբուբենը» որպես գեղարվեստի համամարդկային լեզուª Վիկտոր Վազարելին ձգտում էր արվեստը հասանելի դարձնել յուրաքանչյուրին` նպաստելով արվեստի և հասարակության ներդաշնակ զարգացմանը:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները բերել Հայաստան և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են