Չորս ցմահ բանտարկություն՝ մեկ մարդու համար
Մանչեստերի դատարանը Թալիբան շարժման նախկին գրոհային Մունիր Ֆարուքիին չորս ցմահ բանտարկության է դատապարտել: Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների, նրան մեղավոր են ճանաչել Մեծ Բրիտանիայի տարածքում ահաբեկչական գործողությունների նախապատրաստման, սպանությունների դրդելու, ինչպես նաև ծայրահեղական գրականություն տարածելու մեջ:
Քննության տվյալներով, սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից անմիջապես հետո Մանչեստերի բնակիչ Մունիր Ֆարուքին գնացել է Աֆղանստան և անդամակցել Թալիբանին: 2002 թվականին վերադառնալով Բրիտանիա, Ֆարուքին Մանչեստերի կենտրոնական շուկաներից մեկում գրախանութ է բացել, որի միջոցով էլ տարածել է ծայրահեղական գրականությունը և փնտրել համախոհներ: Ֆարուքին նախ մարդկանց մահմեդական էր դարձնում, ապա հավաքագրում նրանց ահաբեկիչների շարքեր: