Փոխվարչապետը` Ա.Բախշյանին. «Գործող 484 մանկապարտեզներից 221-ում մանկավարժների աշխատավարձը ցածր է օրենքի պահանջից»
«2008թ. մարտի 31-ին կառավարության կողմից հավանության արժանացած Նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015թթ. Ռազմավարական ծրագրի դրույթներում գրված է. «Նախադպրոցական կրթության ոլորտում ՀՀ կառավարության հիմնական նպատակը նախադպրոցական կրթության ծառայությունների որակի և մատչելիության բարելավումն է»: Իսկ ցանկացած ծառայության որակի բարելավման երաշխիքն առնվազն օրենքով սահմանված աշխատավարձերի վճարումն է»: ԱԺ ամբիոնից այս մասին այսօր` ԱԺ հայտարարությունների ժամին հիշեցրեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Շարունակեց. ««Նախադպրոցական կրթության մասին» 2005 թ-ին ընդունված օրենքի պահանջն է, որ մանկապարտեզների մանկավարժների աշխատավարձը չի կարող հանրապետության նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից ցածր լինել: Սակայն այն համայնքապետերի կողմից չի կատարվում»:
Այնուհետ տիկին Բախշյանը տեղեկացրեց, որ այդ մասին նամակով դիմել է թե Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ պարոն Արմեն Գեւորգյանին և թե Աշխատանքի պետական տեսչությանը: Վերջինից պատգամավորին պատասխանել են, որ իրենց մոտ քննարկվել է խնդիրը, որը կարիք ունի լրացուցիչ ուսումնասիրության, և արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:
Ինչ վերաբերում է փոխվարչապետի պատասխանին, ապա.
«Փոխվարչապետը, իր տեղակալի ստորագրությամբ գրում է. «Տարածքային կառավարման նախարարը և ՀՀ մարզպետները մանկապարտեզների գործունեության կազմակերպման և կառավարման իրավասություններ չունեն», ապա տեղեկացնում, որ աշխատավարձերը սահմանվածից ցածր են կես դրույք լինելու պատճառով, ամբողջ դրույք սահմանելու դեպքում` փոքր բյուջե ունեցող համայնքների մեծ մասը ստիպված կլինեն փակել իրենց մանկապարտեզները»,- մեջբերեց ընդդիմադիր պատգամավորը:
Փաստորեն, ԱԺ ամբիոնից եզրակացրեց Ա.Բախշյանը, դաստիարակներն աշխատում են ութ ժամ, բայց ստանում են կես դրույք: Այնինչ, ըստ 2007թ. հունվարի 27-ին ԿԳ նախարարի հրամանով հաստատված պետական և համայնքային նախադպրոցական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակի, մեկ խմբի հաշվարկով դաստիարակի և դաստիարակի օգնականի 8 ժամյա աշխատանքի դիմաց սահմանված է նվազագույնը 1.17 դրույքաչափ: Տիկին Բախշյանը տեղեկացրեց նար, որ նամակում գրված է, որ առ այսօր այդ կապակցությամբ բողոքներ չեն եղել:
«Ո՞ւր է հասել իշխանության ցինիզմը: Իհարկե ձեզ չեն բողոքում, նախ որովհետև կզրկվեն նույնիսկ այդ չնչին գումարներից, երկրորդ` այդ հիմնարկներում հիմնականում աշխատում են մարզպետերի և համայնքապետերի գերդաստանները: Ի՞նչ է ստացվում. ՀՀ փոխվարչապետի մակարդակով, բնում խեղդվում է քաղաքացիական հասարակությունը, ով ճորտի կարգավիճակում է և չի կարող պահանջել նվազագույնը, ինչը սահմանված է օրենքով: Իսկ ընտրությունների ժամանակ նրա ձայնը շատ հեշտ է գնել ընդամենը 5000 դրամով»,- վրդովված շարունակեց «Ժառանգության» ներկայացուցիչը:
Բացի այս, եղել է նաև տիկին Բախշյանին հասցեագրված ևս մեկ նամակ, որում փոխվարչապետը նշում է, թե հանրապետությունում գործող 484 մանկապարտեզներից 221-ում մանկավարժների աշխատավարձը ցածր է օրենքի պահանջից.
«Գրված է` Սյունիքում գործող 53 մանկապարտեզներում աշխատավարձերը համապատասխանում են օրենքին, սակայն այդ մարզում Կրթության պետական տեսչության ստուգումների վերաբերյալ հաշվետվությունները խոսում են հակառակի մասին: Ակնհայտ է` մեզանում օրենքը ոտնահարվում է իշխանության կողմից և հարմարեցվում իրենց, ու բնավ խոշորացույց պետք չէ` անօրեններին փնտրելու համար»,- եզրափակեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան