Հայ թավջութկահարին վիրավորած Գորենշտեյնը վստահ է. «Ինձ ոչ ոք չի կարող հեռացնել աշխատանքից»
Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Մարկ Գորենշտեյնը չի պատրաստվում հրաժարվել իր պաշտոնից այն բանից հետո, երբ նվագախմբի անդամների մեծ մասը բողոքել էին նրա դեմ և բաց նամակ ուղարկել մշակույթի նախարարություն` պահանջելով ազատել Գորենշտեյնին պաշտոնից: «Ինձ ոչ ոք, այդ թվում մշակույթի նախարարը, չի կարող հեռացնել», -հայտարարել է Մարկ Գորենշտեյնը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի անդամները ՌԴ մշակույթի նախարար Ալեքսանդր Ավդեևին խնդրել են հեռացնել նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Մարկ Գորենշտեյնին: Նամակում երաժիշտները հայտարարել են, որ այլևս չեն ցանկանում աշխատել Գորենշտեյնի հետ, քանի որ նվագախմբում ծանր իրավիճակ է ստեղծվել: Նվագախմբի երաժիշտների` դիրիժորի հետ չաշխատելու պատճառներից մեկն այն է, որ բազմաթիվ կրճատումներ են տեղի ունեցել: Վերջին մի քանի տարում, ըստ նամակագիրների, նվագախմբից կրճատվել է 280 մարդ, ընդ որում 2010-2011 թվականների ընթացքում խումբը լքել է 60 երաժիշտ:
Բանն այն է, որ Գորենշտեյնի պայմանագրի ժամկետը ավարտվում է 2013 թվականի մարտ ամսին: «Մեկ և կես տարվա ընթացքում հավանաբար ինչ-որ բան տեղի կունենա: Ես անգամ չեմ դիտարկում աշխատանքից հեռանալու իմ հնարավորությունը: Ուղղակի մի 5-6 մարդու կհեռացնեմ աշխատանքից, և հետո ամեն ինչ կլինի, ինչպես նախկինում էր», -ասել է Գորենշտեյնը:
Ըստ աղբյուրի, նվագախմբի ղեկավարն այժմ հիվանդանոցում է և դուրս է գրվելու վաղը, սեպտեմբերի 14-ին: «Բժիշկները հետագա բուժում են նշանակել ինձ, այդ իսկ պատճառով ես դեռ աշխատանքի դուրս չեմ գա: Բացի այդ, ես պետք է հանդիպեմ մշակույթի նախարարի հետ», -նշել է Գորենշտեյնը:
Նշենք, որ Գորենշտեյնը հայտնի է հայ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի հետ կատարված սկանդալային պատմությամբ. Չայկովսկու անվան մրցույթից առաջ, որի ժամանակ Հախնազարյանը գրավեց առաջին տեղը, փորձի ժամանակ, երբ մրցույթի եզրափակիչ փուլ անցած` Հայաստանը ներկայացնող Նարեկ Հախնազարյանը արդեն հեռացած է եղել, Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը հեգնական ու վիրավորական արտահայտություններ է արել Հայաստանի ներկայացուցչի հասցեին ու նվագախմբին հորդորել ուշադրություն չդարձնել, թե ինչպես է նվագում այդ տղան, այլ նվագել այնպես, ինչպես ինքը` Գորենշտեյնն է ուզում: Մրցույթի կազմկոմիտեն, ինչպես նաև դրա նախագահ Վալերի Գերգիևը պաշտոնապես քննադատել են դիրիժորի այդ քայլը, ինչից հետո Գորենշտեյնը ստիպված է եղել բժշկի տեղեկանք է ներկայացրել ու չի մասնակցել մրցույթի վերջին եզրափակիչ փուլում:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են