Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում հրավիրել է տոնական ընդունելություն, որին մասնակցել են Հայաստանի քաղաքացիական հասարակության` քաղաքական կուսակցությունների, զանգվածային լրատվության միջոցների, Հանրային խորհրդի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Հանրապետության ղեկավարն ընդունելության մասնակիցներին շնորհավորել է տոնի կապակցությամբ, մաղթել հաջողություններ, տեղեկանում ենք ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից:
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Քաղաքական կուսակցությունների,
զանգվածային լրատվության միջոցների,
Հանրային խորհրդի
հասարակական կազմակերպությունների
հարգարժա՛ն ներկայացուցիչներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ողջունում եմ բոլորիդ և շնորհավորում Հայաստանի անկախության քսանամյակի կապակցությամբ:
Մեր ժողովրդի դարերի երազանքը` սեփական անկախ պետության գոյությունն իրողություն է, որն արդեն երկու տասնամյակի պատմություն ունի: Իսկապես, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին մենք հայոց պատմության նոր էջ ենք բացել, որտեղ այսօր բոլորս միասին ենք գրառումներ ավելացնում: Գրառում ենք` ծառայելով, ուսուցանելով, ստեղծագործելով, որոշումներ կայացնելով, ընդդիմախոսելով ու սխալները մատնացույց անելով, լուսաբանելով, բերք ու բարիք աճեցնելով կամ բժշկելով:
Միասին արդեն շարադրել ենք արցախյան փառահեղ տողերը, զարգացող հասարակական-քաղաքական միջավայրի, ժամանակակից պետությանը վայել ինստիտուտների կայացման անշրջելի ուղին և երիտասարդ երկրի` առաջ նայելու վստահության վկայագիրը: Սակայն, հաճախ այդ «գրառումները» նաև աղքատության, ոտնահարված իրավունքների կամ սոցիալական դժվարությունների մասին են, որոնք դեռ իրենց հերքման նախադասությունների ավարտին են սպասում: Այդ նախադասությունների վերջակետն էլ ենք մենք միասին դնելու, վստա՛հ եմ դրանում: Ինչու եմ վստահ, որովհետև գիտեմ, որ անկախ տարբեր մոտեցումների առկայությունից, մի բան կասկած չի հարուցում. դա մեր երկրի հանդեպ բոլորիս անվերապահ սերն է, իսկ դա արդեն ավելի քան բավարար է` վստահորեն դեպի Հայաստանի ապագան նայելու համար: Ամեն ինչ կարող է փոխվել, բայց չեմ հավատում, որ որևէ բան փոխվի իմ այս համոզմունքի մեջ:
Այո, քսանամյակը լուրջ և պարտադրող տարեդարձ է, որին մեր ժողովուրդը հասել է դժվարին ու պատվաբեր ուղի անցնելով: Այս տարիներին ազգովին ապրել ենք նվաճումների բերկրանքը: Ունեցել ենք և դառը կորուստներ, սակայն երբեք չենք կորցրել անկախության հետ ծնված մեր կարևորագույն ձեռքբերումներից մեկը՝ մեր կյանքում առկա թերությունները բաց ու ազատ բարձրաձայնելու իրավունքը:
Թերություններն ու դժվարությունները կարող են թևաթափ անել ցանկացած` անգամ ամենակուռ հասարակությանը, եթե չկա դրանք վերացնելու ու հաղթահարելու կարողության ու կամքի հանդեպ վստահություն: Եթե հասարակության մեջ բացակայում է փոխադարձ վստահությունը, ապա մարդիկ ոչ թե մեջք մեջքի տված դիմակայում են մարտահրավերներին, այլ հաճախ կասկածանքով, երբեմն էլ ատելությամբ շրջվում են՝ մարտահրավերները թողնելով հենց թիկունքին: Ավելի քան ակնհայտ է. ջանք չպետք է խնայել մեր հասարակության բոլոր անդամների միջև փոխադարձ վստահությունն ամրապնդելու համար: Սա հավասարապես վերաբերում է բոլորիս:
Մենք երկու տասնամյակ շարունակ աշխատել ենք մեր երկրում մրցակցային քաղաքական մշակույթ ձևավորելու ուղղությամբ: Իրողություն, երբ երկրի զարգացման ու պետական կառավարման համար պատասխանատվությունը ստանձնելու ձգտումը հնարավոր է իրականացնել ժողովրդին առաջարկվող ուղու ճշմարտացիությունն ապացուցելով միայն: Իրողություն, երբ ճշմարտությունը միակը չէ, երբ լավը հարկադրված է զիջել լավագույնին, և երբ ճշմարիտն ու լավագույնը լինելու հավակնությունը հնարավոր է ապացուցել մրցելով միայն: Հրապարակայնորեն, բոլորի աչքի առաջ: Մրցելով գաղափարներով, մտքով ու համոզիչ լինելով:
Սակայն յուրաքանչյուր մրցություն, քաղաքական մրցակցություն չի կարող երկիրը մղել դեպի լավագույն ուղի, եթե մրցողները նպատակները ստորադասում են միջոցներին, եթե մրցողները ընտրություն չեն դնում միջոցների միջև, եթե մրցում են հանուն մրցության, եթե հաղթում են միայն հաղթելու համար:
Ուստի քաղաքական մրցակցությունը պիտի ընթանա քաղաքական համագործակցության հետ ձեռք ձեռքի տված: Մրցակցության ու համագործակցության համատեղ արահետը, սակայն, նեղ է ու փխրուն, իսկ ազգակործան անդունդի եզրերը՝ լայն, բազմաթիվ ու սայթաքուն: Այն անցանելի է միայն նրան, ով իմաստնացել է պայքարում, ով այդ անդադար պայքարում կարողացել է կանգ առնել ու ձեռք մեկնել մրցակցին, ում մարտական կոչը չի վերածվել ատելության անեծքի, ում հասանելի է Արտավազդ արքայորդու բերանով պատմահոր հնչեցրած մտքի խորհուրդը` ավերակաց վրա իշխելու դատապարտվածի հավերժական խարանը:
Այսօր կարող ենք հպարտանալ մեր պետականության հասունությունը հավաստող ձեռքբերումներով: Մենք կարողացանք ոչ միայն դնել մեր երկրի պետականության հիմքերը, այլև ամուր վերնաշենք սկսել: Մեր քաղաքական կուսակցություններն ու հասարակությունը կարողացան բազում դժվարություններով անցնել կայացման ուղին, գտնել քաղաքական մրցակցության ու համագործակցության ճանապարհն ու առաջ շարժվել:
Այսուհետ ևս իրավունք չունենք շեղվելու այդ ուղուց: Պիտի մրցենք, սակայն ձեռք ձեռքի տված: Պիտի պայքարենք քաղաքական հարթակում, սակայն հարթակից երբեք չգլորվելով ու ցած չգլորելով հարթակն ու ժողովրդին:
Մեր երկրում վստահության ձևավորման, սոցիալական մեծ կապիտալով օժտված քաղաքացիական հասարակության կայացման գործում կարևոր և լուրջ ներդրում ունի նաև Հանրային խորհուրդը, որը դարձավ բաց ու ազատ քննարկումների նոր հնարավորություն մեր հասարակության կյանքում: Վստահ եմ, որ Հանրային խորհուրդը դեռ շատ անելիքներ ունի և կշարունակի նպաստել մեր հասարակության մեջ ներդաշնակության ու համերաշխության ամրապնդմանը:
Մենք բոլորս, այդ թվում նաև զանգվածային լրատվության միջոցներն ու հասարակական կազմակերպությունները, պիտի շարունակենք աշխատանքը Հայաստանի քաղաքացիական հասարակությունն ամրապնդելու ուղղությամբ: Մեր փոխարեն դա ոչ մեկը չի անելու:
Քսանամյակը նաև անկախության սերնդի հրապարակ գալն է խորհրդանշում: Այսօր արդեն երկրի հասարակական-քաղաքական լայն դաշտ է մտնում այն սերունդը, որը ծնվել է անկախ հայրենիքում ու հասունացել է մեր պետության կայացմանը զուգահեռ: Սերունդ, որը երբեք այլ պետության քաղաքացի չի եղել:
Մենք միշտ արձանագրել ենք մեր հաջողություններն ու բացթողումները, բայց հաճախ չենք նշել տարիների հետ աննկատ ամրացող մեր կարևորագույն ձեռքբերումը` անկախության սերունդը, որը պարտավոր է և լինելու է մտավոր կապանքներից զերծ, լինելու է ավելի ազատ ու առաջադեմ, ավելի ունակ ու նպատակասլաց: Մենք, նրանց ծնողները, ավագ սերունդը, ում ուսերին ծանրացավ պետականաշինության ու բանակաշինության հոգսը, ում բաժին ընկավ կրելու փոխակերպումների ծանրությունը, առավել քան հպարտ ենք տեսնելու ու ողջունելու նոր սերնդի արշալույսը: Հայաստանի քաղաքացիական հասարակության կարևորագույն հաստատությունները` զանգվածային լրատվության միջոցները և հասարակական կազմակերպությունները, քաղաքական միավորումները, այն գրավիչ ոլորտներում են, որտեղ նոր սերունդն իր առաջին քայլերն է անում:
Հաջողություն եմ մաղթում բոլորիդ և մեկ անգամ ևս անթաքույց հպարտությամբ շնորհավորում եմ մեր անկախ հայրենիքի` Հայաստանի Հանրապետության գոյության քսանամյակի կապակցությամբ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները