Համմարբերգ. Ադրբեջանում իշխանությունները հաճախ են ոտնահարում իրենց միջազգային պարտավորությունները
Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է արել պաշտպանել մարդու իրավունքների պաշտպանների իրավունքները: Այս մասին է հաղորդում «Թուրան» լրատվական գործակալությունը:
Եվրոպայում մտահոգիչ փաստերի թվում Համմարբերգը հիշեցնում է օգոստոսի սկզբին Բելառուսում Ալեսա Բիալիատկու ձերբակալությունը, ինչպես նաև Բաքվում Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի գրասենյակի ոչնչացման փաստը:
Հիշեցնենք, որ Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի գրասենյակի քանդման գործընթացը տեղի է ունեցել առանց նախօրոք ծանուցագրի, և շենքի ներսում ոչնչացվել են մի շարք սարքավորումներ, փաստաթղթեր և իրավապաշտպաններին պատկանող անձնական իրեր: Գոյություն ունի հստակ համոզմունք, որ կազմակերպված ակցիան պատահական չէր և անձամբ ուղղված էր Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսին, որը վերջին ժամանակներում շատ է գրել և խոսել Ադրբեջանի քաղաքացիների բնակարանների անօրինական և բռնի ուժով բռնագրավումներից:
Նշենք, որ իշխանությունները հաճախ են ոտնահարում իրենց միջազգային պարտավորությունները՝ ոտնահարելով իրավապաշտպանների իրավունքները, ինչպես նաև՝ դժվարություններ են ստեղծում վերջիններիս աշխատանքային գործունեության մեջ:
Այս առիթով Համմարբերգը հիշեցնում է, որ ԵԽ անդամ պետությունները պետք է համապատասխանեն եվրոպական չափանիշներին, ինչպես նաև պատասխանատու լինեն իրավապաշտպանների իրավունքների խախտման համար: