Սերգեյ Մինասյան. Հայկական հակաօդային պաշտպանությունը բավական բարձր տեխնիկական մակարդակ ունի
«Անօդաչու սարքերի դեմ պայքարը տեխնիկապես և ռազմական առումով բավականին բարդ խնդիր է, ուստի ԼՂՀ ՊԲ հակաօդային ուժերի կողմից այդ սարքի ոչնչացումը չափազանց ողջունելի է, առավել ևս, որ Ադրբեջանի բանակի այդ սարքերը իսրայելական արտադրության զարգացած մեքենաներ են, ուստի հայկական հակաօդային պաշտպանությունը բավական բարձր տեխնիկական և ռազմական մակարդակ ունի»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` անդրադառնալով ԼՂՀ պաշտպանական բանակի հակաօդային ուժերի կողմից ադրբեջանական անօդաչու հետախուզական սարքի ոչնչացմանը, որը պարբերաբար խախտել է ԼՂՀ օդային սահմանները:
Նշենք, որ համաձայն ԼՂՀ ՊԲ տարածած հաղորդագրության, պաշտպանության բանակի հակաօդայինների կողմից նման բնույթի թռիչքներ են հավաստանշվել վերջին տասնօրյակում և դրանց կանխարգելման նպատակով իրականացվել համարժեք քայլեր: Մասնավորապես սեպտեմբերի 12-ին ժամը 7.30-ի սահմանում ՊԲ ՀՕՊ և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի մեկ անօդաչու թռչող սարք:
Մինասյանի համոզմամբ, պաշտպանական բանակի հակաօդային ուժերի նման գործողությունները ևս մեկ անգամ փաստում են հայկական կողմի մարտունակության մասին:
Քաղաքագետը նշեց, որ Հայաստանն էլ ունի նման սարքեր, և ի տարբերություն Ադրբեջանի մեր հայկական անօդաչու սարքերը արտադրվել և ստեղծվել են Հայաստանում, հայ մասնագետների կողմից, այլ ոչ թե գնվել են Իսրայելից կամ հավաքվել են Ադրբեջանում իսրայելական նախագծերի ու մասնագետների անմիջական մասնակցությամբ: