Ղարաբաղի հայտնի օղին Բաքվում
Pia.az ինտերնետային պարբերականը գրում է, որ Մոսկվայում գտնվող Արցախի օղիների վաճառքով զբաղվող ընկերության տնօրեն Սամվել Համբարձումյանը հայտնել է, որ ադրբեջանցիները ոչ մեծ քանակով ժամանակ առ ժամանկ գնում են իրենց արտադրանքը: Պարզ պատճառներով ադրբեջանցիները պաշտոնական պայմանագիր իրենց հետ չեն կնքում: «Պարզ է, որ մեր արտադրանքը Բաքու է հասնում մաքսանենգ ճանապարհով», - ասել է Համբարձումյանը; Հիշեցնենք, որ Բաքվում այլ հայկական ապրաքներ նույնպես կարելի է գտնել:
Բաքվի նորակառույց «Բինա» առեւտրի կենտրոնի երկրորդ հարկում գտնվող կանացի հագուստի սրահում բոլոր ապրանքները հայկական «Արցախ» ընկերության արտադրանքն են, հայտնել է ադրբեջանական «Բիզիմ յոլ» թերթը:
Թերթի հետ զրույցում Ադրբեջանի «Անկախ սպառողների միության» նախագահ Էյուբ Հուսեյնովը հայտնել է, որ եթե նախկինում Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարարության սպառողական շուկայի վերահսկման գծով պետական ծառայությունը հայտնաբերել եւ շուկայից հանել էր հայկական հանքային ջրերի, ծխախոտների եւ սուրճի ապրանքատեսակների շրջանառությունը, ապա այսօր, անհայտ պատճառներով, այդ ծառայությունը չի վերահսկում շուկան:
«Ադրբեջան Հայաստանից անօրինական ճանապարհով միայն հագուստ չի ներկրվում: Ադրբեջանի շուկաներում կարող եք հանդիպել Հայաստանում փաթեթավորված սուրճի տեսակներ, գինիներ եւ այլ ապրանքներ: Հայկական ապրանքների վաճառքն Ադրբեջանում կարծես բնական է դարձել»,- «Բիզիմ յոլին» ասել է Ադրբեջանի «Անկախ սպառողների միության» նախագահը: