Է. Շարմազանով. Ադրբեջանը պետք է համակերպվի անկախ Արցախի գոյության հետ
«Ադրբեջանի արտգործնախարարությունն անօգուտ գործով է զբաղված: Նման անիմաստ հայտարարություններ անելու փոխարեն ավելի լավ կանի լուրջ մոտեցում դրսևորի բանակցային գործընթացի նկատմամբ և համակերպվի անկախ Արցախի գոյության հետ»,- մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ Արցախում սեպտեմբերի 18-ին սպասվող ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է, թե Արցախում իրականացվող ընտրությունները անօրինական են, իսկ դրա անցկացման փաստն առհասարակ Հայաստանի կողմից ձեռնարկված սադրանք:
Պատգամավորը նշեց, թե Ադրբեջանը պետք է գիտակցի, որ արդեն 20 տարի գոյություն ունի անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ժողովրդավարական պետություն, որը անհրաժեշտության դեպքում ժողովրդավարության դասեր կտա Ադրբեջանին:
«Ես անձամբ առիթ եմ ունեցել շփվելու Արցախում կայացած խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող արտասահմանցի դիտորդների հետ, ովքեր իրենց դրական վերաբերմունք էին արտահայտում ԼՂՀ-ում անցկացվող ընտրությունների որակի ու թափանցիկության առնչությամբ: Այնպես որ, Արցախում իրականացվում է մի գործընթաց, ինչը հատուկ է ցանկացած ժողովրդավարական պետությանը»,- հավելեց Է. Շարմազանովը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան