Տիգրան Համասյան Սոլո Տրիո-ն հանդես կգա ՀՀ-ում և ԼՂՀ-ում
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 20-ին, Ա. Խաչատրյան համերգասրահում կկայանա բազմաթիվ հեղինակավոր մրցույթների դափնեկիր, կոմպոզիտոր և ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի` Հայաստանում և Արցախում կայանալիք համերգաշարի եզրափակիչ համերգը:
Տիգրան Համասյան Սոլո Տրիո (Տիգրան Համասյան - դաշնամուր, Սամ Մինայե - բաս, Արի Հոենիգ – հարվածայիններ) համերագաշարի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 17-ին Ստեփանակերտի ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության պալատում, սեպտեմբերի 18-ին հանդես կգա Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում, այնուհետև, սեպտեմբերի 19-ին` Գյումրու, Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, համերգների ողջ հասույթը կտրամադրվի «Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի ծրագրերի իրականացմանը:
Համասյանը ծնվել է 1987 թվականին Գյումրիում: Ավարտել է Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցը, այնուհետև, ընդունվել` Պ. Չայկովսկու անվան երաժշտական ուսումնարան:
2000 թվականին կայացած Երևանյան երկրորդ միջազգային ջազային փառատոնի շրջանակներում շնորհաշատ երաժիշտը ծանոթացել է Չիկ Կորեայի, Ավիշա Քոհենի և ֆրանսահայ ջազային դաշնակահար, փառատոների կազմակերպիչ Ստեփան Կոչոյանի հետ, ում հրավերով էլ մեկ տարի անց` մասնակցել է մի շարք հեղինակավոր փառատոների: Տիգրան Համասյանը բազմիցս արժանացել է հեղինակավոր մրցանակների. 2003 թ.` երրորդ մրցանակի Փարիզի ջազային դաշնակահարների միջազգային մրցույթում, առաջին մրցանակների` Jazz a Juan Revelations և Montreux Jazz Solo Piano Competition մրցույթներում: 2005 թ. Մոսկվայի դաշնակահարների ջազային միջազգային մրցույթում արժանացել է երրորդ տեղի, իսկ 2006 թ. առաջին մրցանակների Մոնակոյի ջազային դաշնակահարների և Թելոնիուս Մոնկի (Thelonious Monk) անվան մրցույթներում, որի ժյուրիի կազմում հանդես են եկել Հերբի Հենկոկը, Էնդրյու Հիլը, Դանիլո Պերեզը, Բիլի Թեյլորը և Ռենդի Վեստոնը: 2006 թ.-ից սկսած թողարկել է 4 ալբոմ, 2011 թ.` «Universal Music» ընկերության կողմից լույսընծայվել է «A Fable» ալբոմը:
Նշենք, որ Հայաստանում դաշնակահարը համերգներով հանդես է եկել 2009- 2010 թթ.:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին