Դ. Բաբայան. Անօդաչու թռչող սարքի ոչնչացումը սթափեցնող ազդեցություն կունենա
«Արցախի տարածք անօրինական այդ ներթափանցումը որակապես նոր երևույթ էր, քանի որ մինչ այդ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները տեղի էին ունենում առավելապես սովորական ինքնաձիգերից իրականացված կրակով: Պետք է նշեմ, որ վերջին ժամանակներս Ադրբեջանի կողմից տարաբնույթ խախտումներն աճել են»,- անդրադառնալով ԼՂՀ ՊԲ զորքերի կողմից ադրբեջանական անօդաչու թռչող սարքի ոչնչացմանն ու դրա հետևանքներին՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Նա ասաց, թե ԼՂՀ ՊԲ համապատասխան ստորաբաժանումների կողմից անօդաչու հետախուզական սարքի ոչնչացումը կարևորվում է նաև այն տեսանկյունից, որ այսօր ունենք նյութական ապացույցներ առ այն, որ Ադրբեջանը նաև նմանատիպ ձևերով է խախտում հրադադարի ռեժիմն ու անտեսում ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Այդ սարքի ոչնչացումը ցույց տվեց, որ ԼՂՀ զինված ուժերը, ՀՕՊ համապատասխան զորքերն ունեն բարձր մարտական պատրաստականություն և ի վիճակի են կասեցնել նաև հակառակորդի նման գործողությունները»,- ասաց Հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետը:
Մեկնաբանելով Ադրբեջանի կողմից պաշտոնապես տարածված այն տեղեկատվությունը, թե այդ սարքն իրենց չի պատկանել՝ Դ. Բաբայանը նշեց. «Երբ ղարաբաղյան պատերազմի ժամանակ ադրբեջանական ինքնաթիռներ կամ ուղղաթիռներ էինք ոչնչացնում, նրանք այդ ժամանակ էլ էին ասում, թե դա իրենցը չէ: Այնպես, որ նրանց հերքումները որևէ կողմի մոտ լուրջ չեն ընկալվում: Անհեթեթ բան է ստացվում»:
Պատասխանելով Panorama.am-ի այն հարցին, թե նման սարքի ոչնչացումը քաղաքական տեսանկյունից ինչ ազդեցություն կունենա, արցախցի պաշտոնյան ասաց. «Դա սթափեցնող ազդեցություն կունենա: Ադրբեջանը նման համարձակության այլևս չի ունենա: Միաժամանակ պետք է նշեմ, որ միջազգային հանրությունը ևս պետք է լրջորեն մոտենա այս միջադեպին ու համապատասխան մոնիտորինգ իրականացնի: Այս ամենը ցույց տվեց, որ միջազգային հանրությունը պետք է առավել լրջորեն մոտենա Ադրբեջանից հնչող պատերազմի սպառնալիքներին, որպեսզի կանխվեն նմանատիպ գործողությունները:
Նրա կարծիքով, Ադրբեջանի նման պահելաձևը կապված է նաև Ուրուգվայի կողմից ԼՂՀ անկախության հարցի քննարկման հետ:
«Ադրբեջանցիները փորձում են իրենց զայրույթը «թափել» նման եղանակով: Այս ամենը ցույց է տալիս, որ միջազգային հանրությունն այս հարցում շատ անելիքներ ունի»,- եզրափակեց բանախոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում