«ՀայՖեստ». Կա 3D ներկայացում, չկա էրոտիկա
Հոկտեմբերի 1-8-ը Երևանում կանցկացվի «ՀայՖեստ-2011» 9-րդ միջազգային թատերական փառատոնը` ՀՀ Նախագահի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Այս տարի փառատոնին մասնակցելու է 30 թատերախումբ` 18 երկրից` Մեծ Բրիտանիա, Դանիա, Իտալիա, Հունգարիա, Լատվիա, Բուլղարիա, Ռուսաստան, Վրաստան, Իրան, Հնդկաստան և այլն: Հայաստանյան 4 թատերական գործ է ներկայացվել փառատոնին:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանն ասաց, որ այս տարի առաջին անգամ «ՀայՖեստի» շրջանակներում Հայաստանում կցուցադրվի «Tango de soledad» /«Մենության տանգոն»/ 3D ներկայացումը` Բիլլի Քոուի բեմադրությամբ:
Փառատոնին ներկայացումներով հանդես կգան նաև հեղինակավոր բուլղարական «Կրեդո», բրիտանական «Մերկուրի» և վրացական Կ. Մարջանիշվիլու անվան թատրոնները:
Ա. Ղուկասյանի խոսքով` թե’ բացմանը, թե’ փակմանը սպասվում են հաճելի անակնկալներ: «Թատերասերները հնարավորություն կունենան դիտել իրերի թատրոն, դրամատիկական, երաժշտական և պարային ժանրերի ներկայացումներ»,-հայտնեց Ղուկասյանը` կատակելով, որ այս տարի էրոտիկ ներկայացում չի լինելու, ի տարբերություն 2 տարի առաջ փառատոնին ներկայացված հոլանդական շքեղ ներկայացման. «Այս տարի կարող եք ամբողջ ընտանիքով հանգիստ գալ դիտելու»:
Նշվեց, որ 9-րդ փառատոնին նույնպես սպասվում են վարպետության դասեր պրոֆեսոր Նոյել Վիթսի և «Baltic Circle» միջազգային թատերական փառատոնի հիմնադիր Յուկա Հյութինի կողմից:
Արթուր Ղուկասյանը դժգոհեց Հայաստանի թատերական կյանքից` ասելով, որ վերջին տարիներին հայկական թատրոնները փառատոնային որևէ ներկայացում չունեն. «Ունենք ներկայացումներ, պրեմիերաներ, բայց հենց թատրոններն իրենք են խոստովանում, որ փառատոնին համապատասխան ներկայացում չունեն»,-ասաց Ա. Ղուկասյանը, նկատելով, սակայն, որ փառատոնի գերնպատակը միջազգային փորձը Հայաստան բերելն է:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են