Այսօր պարզ կդառնա, թե ով է ներկայացնելու Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ-2011»-ում
Հանրայինի ուղիղ եթերում այսօր տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ-2011»-ի հայաստանյան նախընտրական փուլի եզրափակիչը, որի ընթացքում էլ կորոշվի, թե ով է ներկայացնելու Հայաստանը այս տարի երգի միջազգային մրցույթում, որն անցկացվելու է Հայաստանում՝ դեկտեմբերի 3-ին:
Ժամը 21:30-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում հեռուստադիտողները sms քվեարկությամբ և պրոֆեսիոնալ ժյուրին (50/50) կընտրեն 16 մասնակցից մեկին. Ռազմիկ և ընկերներ՝ «Ես սիրում եմ քեզ», Միլենա Վարդանյան՝ «Ստոպ»,Մարիա Ենոքյան՝ «Նոր երգ», Պետրոս Ղազարյան՝ «Իմ երազանք», Նինելլա Մխիթարյան՝ «Նոտաների աշխարհում», Տաթև Ենգիբարյան՝ «Հայերեն», Դո Ռե Մի՝ «Dance with me», Նադեժդա Սարգսյան՝ «Tik-tak», Ալլեգրո՝ «Բնության հրաշքներ», Մերի Արզումանյան՝ «Պարի ռիթմեր», Մոնիկա Նավասարդյան՝ «Սլացիկ քամի», Դալիթա՝ «Welcome to Armenia», Անահիտ Հակոբյան՝ «Բալետե», Սոնա Գյուլխասյան՝ «Թող որ երգն իմ այս», Միլլի «Milli-on», Վահագն Գրիգորյան՝ «Մեր բակը»:
Նշենք, որ մրցույթի տարբերանշանի վրա պատկերված է երաժշտական էքվալայզեր ՀՀ դրոշի գույներով: Սարեր հիշեցնող յուրահատուկ այս պատկերը ամբողջական է դառնում նշանաբանի հետ . «Հասիր բարձունքին»:
Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցում են Եվրոպական հեռարձակողների միության անդամ-երկրներից մեկական ներկայացուցիչ: Մրցույթին կարող են մասնակցել 10-15 տարեկան երեխաներ:
Հայաստանը մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2007թ-ին. «Արևիկ» մանկապատանեկան համույթի սաները հանդես եկան «Երազանք» երգով` զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը: 2008թ-ին Հայաստանը ներկայացրեց 13-ամյա Մոնիկա Մանուչարովան իր «Իմ երգի հնչյունը» երգով` զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը, իսկ նախորդ տարի Լուարա Հայրապետյանն իր «Բարսելոնա» երգով զբաղեցրեց կրկին 2-րդ հորիզոնականը: Իսկ ահա «Մանկական Եվրատեսիլ-2010» մրցույթում հաղթել էր Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Արզումանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են