Պ. Ավետիսյան. Հայաստանի հնագիտությունը պատվով է դիմակայել անկախության առաջին տարիներին մարտահրավերներին
Այսօր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է «Հոստուն. անկախության տարիների հնագիտական բացահայտումներից» ցուցահահանդեսը` նվիրված ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել հնագետներ, պատմամշակութային ժառանգության բնագավառի մասնագետներ, կրթական հաստատությունների ներկայուցուցիչներ և ուսանողներ: Հանդես գալով բացման խոսքով` արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը մասնավորապես նշել է, թե, արտասովոր ու եզակի գտածոների բացահայտումից բացի, որքան կարևոր է նաև երկրագիտական նշանակություն ունեցող ժառանգության հայտնաբերումն ու պահպանությունը` համայնքների և տարածքների տևական զարգացման համատեքստում:
Նորանկախ Հայաստանի 20-ամյա հնագիտության անցած ճանապարհն իր համառոտ խոսքում ներկայացրել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պ. Ավետիսյանը` ընդգծելով, որ Հայաստանի հնագիտությունը պատվով է դիմակայել անկախության 1-ին տարիներին գիտության ու մշակույթի բնագավառին նետված մարտահրավերներին ու դժվարություններին և շարունակում է հաստատուն քայլերով առաջ ընթանալ:
2005-2006թթ. Հոստունի հնագիտական արշավախմբի արդյունքներն իր խոսքում գնահատել է արշավախմբի ղեկավար, պատմական գիտ. դոկտոր Աշոտ Փիլիպոսյանը. ցուցահանդեսը ներկայացնում է արշավախմբի կողմից հայտնաբերած 235 հնագիտական առարկաներ` դաջազարդ կարասների բեկորներ, ջրատար խողովակներ, աշխատանքի մետաղական գործիքներ, ջնարակած խեցեղենի նմուշներ, թասեր, քրեղաններ, ապակե ապարանջաններ, որոնք թվագրվում են 12-19 դարերով:
Միաժամանակ արգելոց-թանգարանում բացվել է նաև «Պատանի հնագետի դպրոց»-ի պեղումների ուսումնական հրապարակը: Նախագծի կարևորության մասին խոսել է ԵՊՀ Հնագիտության ամբիոնի վարիչ Հ. Ավետիսյանը` շեշտելով հնագետի մասնագիտության կարևորությունը մեր ինքնության ու մշակույթի բազմաթիվ հարցադրումների պատասխանելու առումով:
Ուսումնական պեղավայրը թեև նախատեսված է 12-18 տարեկանների համար:
Արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը տեղեկացրել է, որ դպրոցականների համար հարմարեցված «Հնագիտության ներածություն» դասընթացի և գործնական պեղումների մեկնարկը նախատեսվում է 2012թ. մայիսից: Նա նաև նշել է, որ ևս մի քանի տարի և ժառանգության պահպանությունը կստանձնի անկախության սերունդը: Այս տեսանկյունից ևս «Պատանի հնագետ» դպրոցը դերակատարություն ունի:
Թանգարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ առաջիկայում ուսումնական պեղավայրը կծածկվի հողով` ինչպես ընդունված է իրական հնավայրերում: Իսկ Հոստունի ժառանգությունը ներկայացնող ցուցահանդեսը կգործի 1 ամիս` մինչև 2011թ. հոկտեմբերի 17-ը, որից հետո Հոստունի հնագիտական հավաքածուն կվերադառնա տուն` Եղեգնաձորի երկրագիտական թանգարան:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան