«ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆ»-2793. Միջոցառումների մեկնարկը կտրվի Ֆրանսիայի հրապարակից, կավարտվի շքեղ հրավառությամբ
Հայաստանի Հանրապետության անկախության օրը` սեպտեմբերի 21-ին, «Էրեբունի -Երևան» տոնակատարությունների շրջանակում, Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին հրավիրում է մասնակցելու Երևանի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Միջոցառումների մեկնարկը կտրվի Ֆրանսիայի հրապարակից` Ժամը 9:30-ին այստեղից երկու ուղղություններով կմեկնարկի փողային նվագախմբերի տոնական երթը:
Ժամը 13:00-ից մինչև ուշ գիշեր Ազատության հրապարակում հանրապետության լավագույն երգիչ-երգչուհիների, երգի և պարային համույթների, այդ թվում նաև մանկական, լավագույն դիջեյների մասնակցությամբ տեղի կունենա տոնական մեծ համերգ. Արտո Թունջբոյաջյան, Էմ Փի Ռեյ, Դորիանս, Ռեինկարնացիա, դիջեյ Դելլ և շատ ուրիշներ.
Ժամը 13:00-ից 22:00-ը Հյուսիսային պողոտան կվերածվի Վարպետաց քաղաքի`ամենատարբեր ցուցադրություններով, թափառաշրջիկ երաժիշտներով ու ձեռնածուներով, մինի ներկայացումներով:
Ժամը 13:00-ից 20:00-ը Մաշտոցի պողոտայում` Մալիբու սրճարանի հարևանությամբ, իսկ ժամը 18:00-ից 23:00-ը Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ` մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հանրապետության լավագույն կատարողների մատուցմամբ հնարավորություն ունեն ունկնդրել ազգագրական ու ժողովրդական երգեր:
Նախորդ դարասկզբի Երևանում հայտնվելու ցանկություն ունեցողները ժամը 13:00-ից 20:00-ը կարող են այցելել Աբովյան փողոցի Մոսկվա կինոթատրոնից մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատված:
Ժամը 13:00-ից 22:00-ը Անգլիական այգում հնարավորություն ունեք ունկնդրել ինքնուս երաժիշտների կատարումները, ինչպես նաև մասնակցել «Առողջ երևանցիե ակցիային:
Վինտսերֆինգի սիրահարներին էլ Ժամը 17:00-ից հրավիրում ենք Կարապի լիճ` ներկա գտնվելու մարզաձևի ցուցադրական ելույթներին:
Ջազի սիրահարները ժամը 16:00-ից Մոսկովյան պուրակում երիտասարդ ջազբենդերի կատարմամբ կարող են ունկնդրել սիրված երաժշտություն:
Իսկ դասական երաժշտության սիրահարներին Երևանի քաղաքապետարանը Ժամը 16:00-ից հրավիրում է Կոմիտասի արձանին հարակից պուրակ:
Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների հրապարակներում,այգիներում ու պուրակներում կթևածի տոնական երգն ու երաշժտությունը, կկազմակերպվեն մշակութային ու մարզական միջոցառումներ:
Իսկ ժամը 22:30-ին մայրաքաղաքի երկինքը կլուսավորի տոնական շքեղ հրավառությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են