Աննախադեպ համերգ-ներկայացում` նվիրված ՀՀ Անկախության 20-ամյակին
Անկախության 20-ամյակի տոնին նվիրված Հանրապետության հրապարակում անցկացվելիք «Հերոսական բալլադ» մեկ ժամ քսան րոպե տևողությամբ համերգ-ներկայացման ընթացքում հայ դասականների ստեղծագործությունների ներքո ներկայացվելու է հայոց պատմության առանցքային դրվագները: Այս մասին ասուլիսում ասաց ներկայացման բեմադրող ռեժիսոր Արամ Սուքիասյանը:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ համերգը կսկսվի Ա. Տերտերյանի երկրորդ սիմֆոնիայի հատվածով, կշարունակվի Ալ. Աճեմյանի, Ղ. Սարյանի, Է. Հովհաննիսյանի, Ա. Խաչատրյանի, Մ. Եկմալյանի, Է. Միրզոյանի. Ա. Հովհաննիսյանի, Կոմիտասի և այլ հայտնի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով, կեզրափակվի Ռոբերտ Ամիրխանյանի Անկախության 20-ամյակի տարեդարձի առթիվ գրված «Ծնրադիր երդվում քեզ» երգով:
Կենդանի հնչողությամբ ստեղծագործություններ կկատարեն Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը, ՀՀ նախագահի պատվո պահակախմբի փողային նվագախումբը, «Բարեկամություն» անսամբլը և Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը կկատարեն խորեոգրաֆիկ համարներ: Համերգ-ներկայացումը կուղեկցվի եռաչափ գրաֆիկայով: Հրապարակը եզերող շենքերը պարբերապար կվերածվեն էկրանների և դասական երաժշտության ներքո կցուցադրվեն դրվագներ հայ ժողովրդի և անկախ պետականության 20 տարիների պամությունից, իսկ պատմական մի շարք անցքեր հանդիսատեսին կներկայացեն եռաչափ գրաֆիկայի միջոցով:
«Ներկայացումը սկսվում է արարումից, Նոյ, Հայկ և Բել, Տիգրան Մեծ, Սովետական Հայաստան, անկախ Հայաստան: Հիմնական շեշտը դրվել է այս վերջին քսան տարիների վրա: Ներկայացվել է այդ տարիների ձեռբերումները, թերացումները, կորուստները, ցուրտ ու մութ տարիները, Շուշիի գրավում: Տեսնելու ենք անձնաց, որոնք այժմ չկան, մարդկանց, որոնք այժմ այլ ընկալում ունեն, բայց իրենց մասնակցությունն են ունեցել անկախության ձեռքբերման գործում»,- մանրամասնեց Ա. Սուքիասյանը` հավելելով, որ հանդիսատեսը ունենալու է էմոցիոնալ դաշտի տատանումներ, հպարտության ներշնչում, կորստի զգացողություն, ափսոսանք:
Համերգ-ներկայացումն ուղեկցվելու է նաև շատրվանների ցուցադրությամբ: Շատրվանները ծառայելու են որպես ջրային էկրաններ, տեղադրվել են նոր, շարժական շատրվաններ:
Համերգ-ներկայացման նախագծի իրականացման տնօրեն Արման Ծատուրյանն ասաց, որ ներկայացման գաղափարական հիմքը, սկզբունքները շարադրել է Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վիգեն Սարգսյանը:
Միջոցառման տեխնիկական սպասարկումն իրականացնում է ֆրանսիական ընկերություններ: Նախագծի տնօրեն Առնո դե լա Վիլբրուն ասաց, որ հանդիսականը, ներկա գտնվելով ներկայացմանը, հպարտության զգացողությամբ կլցվի: Նա նշեց, որ ներկայացման հիմնական սկզբունը կայանում է նրանում, որ տարբեր տեխնիկաներ են կիրառված, որոնք տարբեր մակարդակներում են, բայց միևնույն ժամանակ են աշխատելու: Ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտությունը համարվելու է ներկայացման բազան, հիմքը:
Համերգ-ներկայացումից հետո կազմակերպվելու է տոնական դիսկոտեկ և հրավառություն, որը, ըստ Ա. Ծատուրյանի, նախադեպը չի ունեցել և տևողությամբ, և բազմազանությամբ: Նա նաև հայտնեց, որ ամբողջ ներկայացումը հովանավորչական գումարներով է պատրաստված:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են