Հայաստանյան առաջատար կրթական հաստատությունները` ԴիջիԹեք-ում
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը տեղեկացնում է, որ 7-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական ԴիջիԹեք ցուցահանդեսին կմասնակցեն նաև հայաստանյան առաջատար կրթական հաստատությունները: Ոլորտին առնչվող կրթական ծրագրերը ցուցահանդեսում կներկայացնեն Հայաստանի պետական ճարտարագիտական (պոլիտեխնիկ), Հայ-ռուսական /Սլավոնական/, Հայաստանի Ամերիկյան և Եվրասիա միջազգային համալսարանները, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը, Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդները, Ֆինանսաբանկային քոլեջը և այլ կրթական հաստատություններ:
ԴիջիԹեք ցուցահանդեսն ունի քարոզչական նպատակ, մարդկանց ցույց տալու, որ ապագան տեխնոլոգիական զարգացման մեջ է: Միջոցառման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու երիտասարդներին` փորձելու ապահովել նրանց ներգրավվածությունը կրթական տարբեր ծրագրերին: Այդ իսկ նպատակով կրթական հաստատությունները ցուցահանդեսին ներկայանալու են իրենց բոլոր ծրագրերով և նախաձեռնություններով:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (պոլիտեխնիկ) պրոռեկտոր Ռ. Աղգաշյանի տեղեկացմամբ, Պոլիտեխնիկն այս տարի ցուցահանդեսում հանդես կգա առանձին տաղավարով՝ ներկայացնելով սեփական կրթական ծրագրերը, ինչպես նաև համալսարանը «Նեյշընլ Ինսթրումենթս», «Մայքրոսոֆթ» և «Սինոփսիս» ընկերությունների տաղավարներում ունենալու է հատուկ բաժին, որտեղ կներկայացվի բուհի և տվյալ ընկերության համագործակցության արդյունքը։
Ցուցահանդեսի ընթացքում կազմակերպվելու է նաև տեխնոլոգիական ոլորտի աշխատանքի տոնավաճառ, որի շրջանակներում շուրջ 50 ընկերություններ կներկայացնեն իրենց թափուր աշխատատեղերը: Երիտասարդները հնարավորություն կունենան տեղում ծանոթանալ գործատուի հետ, գտնել իրենց որակավորմանը համապատասխան մասնագիտական աշխատանք, ընդգրկվել տարբեր գործատուների տվյալների բազայում` առաջիկայում աշխատանքի առաջարկ ստանալու ակնկալիքով:
Միջոցառումը կանցնի ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության պլատինե հովանավորությամբ: Կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը:
Նշենք, որ ԴիջիԹեք ցուցահանդեսի ինֆորմացիոն հովանավորներից է նաև panorama.am-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին