Անկախության տոնի նախօրյակին հակառակորդն ակտիվացել է. 2 օրում հրադադարը խախտվել է 100 անգամ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին երկու օրերի ընթացքում նկատելիորեն աճել են հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, տեղեկացնում է ԼՂՀ Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունը:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, միայն սեպտեմբերի 18-ին և 19-ին ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 450 կրակոց` հրադադարի պահպանման ռեժիմը խախտելով ավելի քան 100 անգամ: «Հատկանշական է, որ ադրբեջանական կողմի ձեռնարկած նախահարձակ գործողությունների այսօրինակ ակտիվությունը հատկապես աննախադեպ բնույթ է ստանում ԼՂՀ-ում կամ ՀՀ-ում անցկացվող տոնական օրերի նախաշեմին, ինչն ըստ մեզ, նպատակ է հետապնդում որևէ կերպ ազդել կազմակերպվող միջոցառումների ընթացքի և, իհարկե, հայ հասարակության տրամադրության վրա», -նշում են ՊԲ լրատվական ծառայությունից:
Հասկանալով հակառակորդի մտադրությունը, ՊԲ հրամանատարությունը վստահեցնում է, որ ղարաբաղյան ուժերը ոչ միայն ի վիճակի են ճնշելու թշնամու ագրեսիվ գործողությունները, այլև ծայրահեղ անհրաժեշտության դեպքում նրան հասցնել արժանի հակահարված:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում