Նախագահի առաջարկը` 2012թ-ին Հայաստանում կանցնի Գերգիևյան փառատոն
«Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ առաջարկ է եղել 2012թ-ին Հայաստանում անցկացնել Գերգիևյան փառատոն»,- նախօրեին Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգից առաջ, լրագրողներին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Նշենք, որ համերգը նախանշվածից ուշ սկսվեց, քանի որ Վ.Գերգիեևին ընդունել էր հանրապետության ղեկավարը:
Նախարարը տեղեկացրեց նաև, որ կողմերի համաձայնությունն արդեն առկա է, իսկ մաեստրո Գերգիևն ավելացրեց, որ իր համար, ինչպես միշտ Հայաստանում հյուրախաղերով հանդես գալը, մեծ պատիվ է: Իսկ ինչ վերաբերում է ներկայացվելիք համերգային ծրագրին, ապա այն բավականին հարստացել է վերջին երկու տարվա ընթացքում, ինչ ինքը չի եղել Երևանում, սակայն թե կոնկրետ ի՞նչ կներկայացվի հայ հանդիսատեսին հաջորդ տարի սպասվելիք փառատոնի շրջանակում, այդ մասին, նշեց Վ.Գերգիևը, դեռ կխորհրդակցվի:
Արձագանքելով Panorama.am-ի հարցին, թե այս երկու տարիների ընթացքում ի՞նչն է, ըստ իրեն, փոխվել Երևանում, Վ.Գերգիևը նշեց, թե դեռ չի հասցրել օդանավակայանից, ավտոմեքենայից ու օպերայի շենքից բացի որևէ բան տեսնել, բայց հավաստիացրեց, որ այդ հաճելի առաքելությունը նա սիրով կիրականացնի համերգից հետո, գիշերը. «Գիշերային Երևանը սպասում է մեզ, այնպես որ ես կհասցնեմ ըմբոշխնել նրա հմայքն ու գեղեցկությունը»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են