Աշխարհահռչակ Գերգիևը Երևանում է. հայ հանդիսատեսը վայելեց դասական երաժշտության երեկո
ՀՀ անկախության քսանամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հայ երաժշտասերների համար նախորդ երեկոն իսկական տոն էր` հյուրախաղերով Երևանում էր Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը աշխարհահռչակ մաէստրո Վալերի Գերգիևի ղեկավարությամբ:
Վերջին անգամ Վ.Գերգիևը Հայաստանում հյուրախաղերով եղել էր երկու տարի առաջ. երեկ Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի բեմում նրա հետ հանդես եկավ Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթի հաղթող, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը` հայ ազգի երիտասարդ պարծանքը:
Նախքան համերգի մեկնարկը` ժամը 20.30-ին, քանի որ նվագախումբը, ինչպես ասում են, հենց օդանավակայանից պետք է ժամաներ մշակույթի այս օջախ, մաեստրոն պետք է հանդիպեր լրագրողներին…ու հանդիպեց` մեկ ժամ ուշացումով: Թեպետ ուշացումը հարգելի էր` Վ.Գերգիևին հյուրընկալել էր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Ի դեպ, հենց վերջինիս բարձր հովանու ներքո էլ իրականացավ դասական երաժշտության այդ երեկոն, որին ներկա էր առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
«Ուրախ եմ, որ Հայաստանում եմ և էլ ավելի ուրախ, որ մեր հյուրախաղերը համընկնում են Հայաստանի համար այդքան կարևոր տոնակատարության հետ: Ես վստահ եմ, որ ոչ միայն 20-ամյակի, այլև 30-40 –ամյակների տոնակատարությունները կուղեկցվեն մշակութային ու երաժշտական այսպիսի միջոցառումների մթնոլորտում, քանի որ Հայաստանը երաժշտության երկիր է»,- մեկ ժամից ավելի իրեն սպասած լրագրողներին ողջունելով նշեց մաեստրո Գերգիևը:
Համաշխարհային համբավ ունեցող դիրիժորը հիշեցրեց, որ իր կենսագրությունը սերտորեն կախված է մեր երկրի հետ` նախքան Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի նվագախմբի գեղարվեստական ղեկավար նշանակվելը, նա վեց տարի աշխատել է Հայաստանում. «Այդ տարիներն ինձ շատ բան տվեցին, թեև դժվար էր այն իմաստով, որ մեծ դահլիճը երկարատև վերանորոգման էր, համերգները փոքր դահլիճում էին, իսկ ես ստիպված էի գրեթե շաբաթը մեկ Երևանից մեկնել Սանկտ Պետերբուրգ… բայց այդ տարիները ինձ տվեցին թե՛ հսկայական փորձ, թե՛ լավ ընկերներ»,- ասաց նա:
Մաեստրոն վստահություն հայտնեց նաև, որ հայ կոմպոզիտորների երաժշտությունը պետք է հնչի համաշխարհային բեմերում` Պետերբուրգում, Մոսկվայում և այլն և խոստացավ աջակցել դրան:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են