ՀՀ նախագահ. Վստահ եմ` չկա որևէ ուժ, որ կարողանա կանխել մեր ժողովրդի հաղթական երթը
«Մատենադարանն այն ազգային հարստությունն է, որը դարձել է հայոց ինքնության ամենաամուր բերդը: Եվ այս լանջից բերդը վերահսկում է ոչ միայն Մաշտոցի պողոտան, այլև մեր ողջ մայրաքաղաքի ու ժողովրդի հիշողությունն ու նկարագիրը»,-այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի նոր գիտական համալիրի բացման հանդիսավոր արարողության ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նշենք, որ միջոցառմանը ներկա են գտնվել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը, Հայաստանի և արտասահմանյան հեղինակավոր հայագետներ, պատվավոր հյուրեր:
Երկրի ղեկավարը շրջել է հնագույն ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման համար լավագույն պայմաններով ապահովված մասնաշենքում, ծանոթացել միջազգային նման առաջնակարգ հաստատությունների բոլոր չափանիշներին համապատասխանող գիտական նոր համալիրի հնարավորություններին:
ՀՀ նախագահի խոսքը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ Նախագահ,
Ձե՛րդ Սրբություն, Ամենայն Հայոց Կաթողիկոս,
Ձե՛րդ սրբություն, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս,
Սիրելի՛ բարեկամներ,
Մաշտոցի անունը կրող Մատենադարանի վերակառուցման աշխատանքների ամփոփումը Հայաստանի Հանրապետության անկախության քսաներորդ տարեդարձի տոնակատարություններին վայել գործ էր: Երևանը հարուստ է գեղեցիկ ու խորհրդանշական շինություններով, սակայն իր էական և բովանդակային կշռով Մատենադարանն անգերագնահատելի է և անմրցակից:
Մատենադարանը մեր ամեն ինչն է` լեզուն, գրականությունը, պատմությունը, գիտությունը, ծննդյան վկայականն ու կենսագրությունը, մեր գալիք բոլոր հաղթանակների խարիսխը, մեր մշտական ու հարատև մեկնակետը։
Աշխարհում կան այլ հայկական մատենադարաններ` հայոց ձեռագրերի հավաքածուներ` Երուսաղեմում, Վենետիկում, Կոստանդնուպոլսում, Վիեննայում և հայ մշակույթի մյուս կարևոր օջախներում: Դրանք բոլորն էլ անգնահատելի գանձեր են: Բայց Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի շնորհիվ «մատենադարան» բառն իսկ դարձավ հատուկ անուն: Պատահական չէ, որ «մատենադարան» ասելիս բոլորս առաջին հերթին պատկերացնում ենք հենց այս փառահեղ շինությունը:
Մատենադարանն այն ազգային հարստությունն է, որը դարձել է հայոց ինքնության ամենաամուր բերդը: Եվ այս լանջից բերդը վերահսկում է ոչ միայն Մաշտոցի պողոտան, այլև մեր ողջ մայրաքաղաքի ու ժողովրդի հիշողությունն ու նկարագիրը:
Սուրբ Մեսրոպի սխրանքով հայ ժողովրդի ինքնագիտակցությունը ստացավ հարատև և ամուր միջոց իր հիշողությունը սերնդեսերունդ փոխանցելու համար: Իրավացի էր Պարույր Սևակը` ասելով.
«Եվ հիմա արդեն այդ մե՛զ չեն պեղում.
Այլ մենք ենք պեղում.
Այդ մե՛զ չեն հիշում,
Այլ մենք ենք հիշում.
Մե՛զ չեն վկայում,
Մենք ենք վկայում՝
Հասնելով ուրիշ ժամանակների…»:
Սիրելի՛ բարեկամներ,
Մենք այն սակավաթիվ ազգերից ենք, որ կարող են հպարտանալ 1600-ամյա պատմություն ունեցող կատարյալ գրով, որ հարատևել է դարեր և այսօր էլ մեր գոյության հիմքերից է: Մեր դպրության հազարավոր ձեռագիր մատյաններ այստեղ են պահվում և ուսումնասիրվում:
Գալիք տարի մենք նշելու ենք առաջին հայկական տպագիր գրքի 500-ամյակը: Ինչպես Հակոբ Մեղապարտի և մյուս առաջին հայ տպագրիչների շնորհիվ մենք կարողացանք ժամանակին և բարձր մակարդակով իրականացնել անցումը ձեռագիր մատյանից տպագիր գրքին, այդպես էլ այսօր մենք պետք է պատրաստվենք թվային աշխարհում մեր մշակութային ժառանգությունը պահպանելու գործին: Իսկ վերանորոգված Մատենադարանում ստեղծված են դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները:
Մատենադարանը նաև գիտական և հետազոտական կենտրոն է, որտեղ աշխատում են իսկական նվիրյալներ: Նվիրյալներ, ովքեր դիմացան անցած տարիների դժվարություններին, ցածր աշխատավարձերին, կենցաղային խնդիրներին և իրենց օրնիբուն աշխատանքով պահեցին այս կարևորագույն հաստատությունը: Մենք շնորհակալ ենք ձեզ, սիրելի՛ մատենադարանցիներ: Այս նոր մասնաշենքը եղել է երկար տարիների երազանք բոլորիս համար: Այն այսօր իրականություն է, իսկ դա մեր ժողովրդի և պետության ամրության ցուցանիշ է: Վստա՛հ եղեք, որ Մատենադարանի հանդեպ ուշադրությունն այսուհետ ևս չի նվազելու: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Մատենադարանը որևէ չափանիշով չզիջի աշխարհի լավագույն միջնադարագիտական և ձեռագրագիտական կենտրոններին:
Մենք շնորհակալ ենք Սերգեյ Համբարձումյանին և այս գործին աջակցություն ցուցաբերած բոլոր բարերարներին: Այս օրինակը ապացուցում է, որ մեր օրերում ևս կան մեր մեծ բարեգործների ավանդույթները շարունակողներ, ովքեր պատրաստ են աջակցել մեր մշակութային կենտրոնների զարգացմանը: Մասնավոր և պետական ոլորտների նմանատիպ համագործակցությունը դեռևս զարգանալու է` տալով բոլորիս ակնկալած արդյունքները: Պարո՛ն Համբարձումյան, ես հրապարակավ միայն ու միայն մեկ նախադասություն եմ ուզում Ձեզ ասել. երանի այն հային, ով մատենադարան է կառուցել…
Մենք շնորհակալ ենք մեր ճարտարապետներին ու շինարարներին, ովքեր գտել են լավագույն լուծումները և իրենց մտքի ու բազկի ուժով, իրենց քրտինքով ու նվիրված աշխատանքով օծել են այս շինության յուրաքանչյուր քարը: Արթուր Մեսչյանն այս կառույցով, կարծում եմ, դարձավ քսաներորդ դարի հայ ճարտարապետության փայլուն ներկայացուցիչ Մարկ Գրիգորյանի արժանի ժառանգորդն ու յուրատեսակ գործընկերը` շարունակելով նրա սկսած գործը և հավատարիմ մնալով նրա ստեղծած շենքի ոգուն ու տրամաբանությանը: Պարո՛ն Մեսչյան, կածում եմ, որ այս կառույցով, Ձեր աշխատանքով ու ընդհանրապես Ձեր գործունեությամբ Դուք ապացուցեցիք, որ Հայկը երբեք չի պարտվի ոսոխ Բելին: Չնայած Ձեր երգում Դուք հակառակ բառերն եք հնչեցնում: Մենք բոլորս շնորհակալ ենք:
Սիրելի՛ բարեկամներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս կարևորագույն ձեռքբերման կապակցությամբ:
Վստահ եմ` չկա որևէ ուժ, որ կարողանա կանխել մեր ժողովրդի հաղթական երթը: Եվ այդ հաղթական ընթացքը վկայվելու է մեսրոպյան գրով` ձեռագիր, տպագիր ու թվագիր:
Շնորհակալություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները