1996-ին ՀՀՇ-ն ջախջախիչ հարված հասցրեց Հայաստանի ժողովրդավարությանը
Անդրադառնալով վաղը` սեպտեմբերի 23-ին կայանալիք ՀԱԿ հանրահավաքին` «Голос Армении»-ն գրում է, որ Հայաստանի անկախության 20-ամյակի մասին շատերն են խոսում, սակայն ոչ-ոք չի հիշում, որ ուղիղ 15 տարի առաջ` 1996թ-ի սեպտեմբերի 22-ին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ, «ջախջախիչ պարտություն կրեց» Հայաստանում ժողովրդավարության կայացումը: «Եթե Տիգրան Առաքելյանը տեսներ, թե ինչ են անում Լ. Տեր-Պետրոսյանի կողմնակիցները 1996թ-ի նախագահական ընտրությունների ժամանակ, ապա դժվար թե այսօր Կոնգրեսի շարքերում լիներ»,- նշում է թերթը:
Հոդվածագիրը հիշեցնում է, թե ինչպես էին ընտրությունների ժամանակ Լ. Տեր-Պետրոսյանի կողմնակիցները ծեծելով ընտրատեղամասերից դուրս շպրտում ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի վստահված անձանց: Երբ երկրորդ նախագահական ընտրություններից հետո հայտարարեցին, որ Լ. Տեր-Պետրոսյանը հաղթել է` հավաքելով 51,75% ձայն, ժողովուրդը բողոքի ցույցի դուրս եկավ և բախվեց տանկերի ու զինվորականների հետ:
Մի քանի օր անց քաղաքում հեռուստակադրեր տարածվեցին, որոնցում Տեր-Պետրոսյանի շրջապատը շամպայն խմելով տոնում էր վերջինիս «հաղթանակը» և հայտարարում, որ եթե նույնիսկ Վազգեն Մանուկյանը 100% ձայն հավաքեր, միևնույն է նախագահ չէր դառնա: «Վաղը Թատերական հրապարակում կայանալիք հանրահավաքի բեմահարթակից Հայաստանում ժողովրդավարությունը «սպանած» Լ. Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ջհանգիրյանը և Մուշեղ Սաղաթելյանը խոսելու են ժողովրդավարության մասին»,-նշում է թերթը: