Սևանում այս տարի 6 մարդ է խեղդվել, 4-ն էլ` Վահրամաբերդի ջրավազանում
Այս տարի մեկ օրում` օգոստոսի 8-ին Սևանում գրանցվել է ջրահեղձման 3 դեպք, երկուսը եղել են անսթափ վիճակում, երրորդը լողալ չի իմացել: Ողբերգության պատճառը եղել են քամին ու ալեկոծությունը:
Եվս երկու մարդ այլ օրերի ջրում մահացել են սրտի կաթվածի հետևանքով, անցած կիրակի էլ մի դի է հայտնաբերվել, մահացածի ինքությունը դեռ չի պարզվել: Վարդավառի տոնին այս տարի ոչ մի ջրահեղձման դեպք չի գրանցվել, ի տարբերություն նախորդ տարվա, երբ երկու մարդ էր մահացել:
Լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման վիճակագրական տվյալներ ներկայացրեց Արտակարգ իրավիճակների նախարարության ջրափրկարարական հատուկ ջոկատի հրամանատար Սամվել Մկրտչյանը:
Պաշտոնական վիճակագրության համաձայն, Սևանա լճում խեղդվելուց փրկվել է 27 մարդ, մի քանիսն էլ ներկայանալ չեն ցանկացել:
Ջրահեղձման դեպքեր գրանցվել են նաև մարզերում գտնվող ջրավազաններում ու ջրամբարներում, թերևս ամենաշատը` Շիրակի մարզի Վահրամաբերդի ջրավազանում: Այս տարի ջրային այդ տարածքում ջրահեղձվելու հետևանքով 4 մարդ է մահացել:
Ս. Մկրտչյանը հիշեցրեց, որ հոկտեմբերի 1-ից Սևանի հանգստյան սեզոնը կհամարվի փակված, և փրկարարները կաշխատեն հերթափոխով: