Դ.Ջամալյան. «Ադրբեջանը Հայաստանի հանդեպ ռազմական առավելություն չունի»
«Տարիներ շարունակ Բաքվի պրոպագանդան զարգացնում էր ռազմական առավելություն ունենալու մասին քարոզչական առասպելը: Իսկ զորահանդեսը ցույց տվեց, որ դա ընդամենը փուչիկ էր, որը պայթեց ու ակնհայտ է, որ ուժերի հարաբերակցության մեջ որևէ մեկը, առավել ևս Ադրբեջանը, շեշտակի առավելություն չունի»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն ու ավելացրեց, որ շեշտում է Ադրբեջանը, քանբի որ վերջինս հարձակվողի հավակնություններով է փորձում հանդես գալ.
«Ադրբեջանը Հայաստանի հանդեպ ռազմական առավելություն չունի»,- ևս մեկ անգամ ընդգծեց նա:
Իսկ, քանի որ Ադրբեջանի համար շատ կարևոր է այդ միֆը պահպանել, շքերթից անմիջապես հետո երևացին փորձեր վարկաբեկել զորահանդեսը: Սակայն ոչ թե դա է կարևորը, այլ այն, թե ինչպե՞ս են դա անում, քանի որ որևէ փաստարկված վերլուծության փորձագետը չի հանդիպել, ընդամենը մակերեսային վիրավորանքներով ու սարկազմով լի ռեպլիկներ են եղել լրահոսում ու նույնիսկ զավեշտալի օրինակներ:
Այնուհետև Դ.Ջամալյանը թվարկեց այն բոլոր զինատեսակները, որ մասնակցել են զորահանդեսին ու հատկապես ուշադրություն հրավիրեց նրանց, որ ունեն մեծ հեռահարություն.
«Դրանք Ադրբեջանը չի ուզում նկատել, բայց` սպառազինությունների ձեռք բերումը չի ավարտվելու զորահանդեսով և թշնամական միջավայրից բխող մարտահրավերներին ի պատասխան Հայաստանը շարունակելու է ձեռք բերել կամ արտադրել»,- ավելի շատ ադրբեջանական կողմին ուղղված շեշտադրեց ռազմական բանախոսը:
Ընդգծեց նաև, որ ամենևին էլ պարտադիր չէ, որ Հայաստանը ձեռք բերի նույն թվով ու նույն տեսակի տեխնիկա, ինչ ունի Ադրբեջանը, որովհետև ադրբեջանական բանակի առջև դրված է հարձակվողական խնդիր, իսկ հայկական բանակի` ակտիվ պաշտպանության խնդիր: Եվ Հայաստանը ձեռնարկել է միջոցներ, որպեսզի չեզոքացնի ադրբեջանական ավիացիայի նշանակությունը, որը, ըստ փորձագետի, այսօր անգործունակ է դարձել.
«Այո, նրանք ունեն Ми 29 գերժամանակակից ինքնաթիռներ, բայց նրանց օգտագործումը Արցախյան թատերաբեմում խիստ սահմանափակ է հակաօդային համալիրների առկայության պայմաններում»:
Մի խոսքով` մեծ ծախս է արվել, գնել են ժամանակակից ինքնաթիռներ, իսկ մենք գնել ենք դրանք ոչնչացնելու միջոցներ և այդքանից հետո խոսել, թե ադրբեջանական ավիացիան կարող է շատ լուրջ դերակատարում ունենալ հավանական պատերազմի ժամանակ, ըստ Դ.Ջամալյանի, միամտություն կլինի: