ՀՖՖ նախագահ. «ՀՀ նախագահն ասաց, որ հավաքականի ֆուտբոլիստները հերոսներ են»
Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը տեղեկացրեց, որ վերջին օրերին մասնակցել է ՈՒԵՖԱ-ի գործկոմի նիստին և անցած գիշեր է վերադարձել Երևան: Նա նշեց, որ այդ նիստում քննարկվել են մայրցամաքային ֆուտբոլի զարգացման վերաբերյալ մի շարք կարևոր հարցեր, այդ թվում` փոքր երկրների ֆուտբոլային ակումբների` այլ` ավելի ուժեղ առաջնություններում հանդես գալու հնարավորության մասին:
ՀՖՖ նախագահը շեշտեց, որ նախագիծն առաջ է քաշել ՈՒԵՖԱ-ն, Հայաստանը սկզբունքորեն համամիտ է, որ այդ մոտեցումը կօգնի զարգացնել ֆուտբոլը Հին աշխարհում: Բայց նաև ավելացրեց, որ ոչինչ չի լսել Ռուսաստանի առաջնությունում հայաստանյան ակումբի մասնակցության մասին:
Ըստ նրա` դա որոշ լրատվամիջոցներում հրապարակված ապատեկատվության արդյունք է: «Եթե նման բան լիներ, դուք ինձանից կլսեիք լուրը: Նման բան հաստատ չկա, պարզապես որոշ լրատվամիջոցներ իրականությանը չհամապատասխանող լուրեր են տարածել: Սակայն այսպիսի մոտեցումը քննարկվեց ՈՒԵՖԱ-ի գործկոմի վերջին նիստում: Փոքր երկրների ակումբները, որպեսզի կարողանան զարգանալ, հնարավորություն պետք է ստանան մասնակցել ավելի ուժեղ առաջնությունների: Բայց սա դեռ նախագիծ է: Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կզբաղվի այդ հարցով»,- շեշտեց Ռ. Հայրապետյանը:
Խոսելով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի վերջին հաղթանակների մասին` ՀՖՖ նախագահն ընդգծեց, որ թիմի առջև խնդիր է դրվել հաղթել մոտակա երկու խաղում: «Հիմա մենք այնպիսի հավաքական ունենք, որը միշտ խաղադաշտ է մտնում հաղթանակի համար: Ֆուտբոլիստները ոչ մի րոպե գլուխ չեն պահում: Առաջիկա երկու խաղում նույնպես կանենք ամեն ինչ` հաղթելու և Ուկրաինա ու Լեհաստան մեկնելու մեր երազանքն իրականություն դարձնելու համար»:
Իսկ Ռուբեն Հայրապետյանն ի՞նչ պարգև է սպասում ազգային թիմի ելույթների համար: «Ամենամեծ պարգևն ինձ իմ սիրելի թիմն է տվել` տոնելով հաղթանակներ: Սլովակիայի ընտրանու հետ հանդիպումից հետո ինձ զանգահարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ասաց. «Հավաքականի տղաները հերոսներ են»: Սրանից ավելի բարձր պարգև չի կարող լինել»,- նշեց ՀՖՖ նախագահը:
Անդրադառնալով հոկտեմբերի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Մակեդոնիա հանդիպման տոմսերի վաճառքի խնդրին` Ռուբեն Հայրապետյանը տեղեկացրեց, որ վաճառքում այս պահի դրությամբ դեռ 2000 տոմս կա: Իսկ վերավաճառք հնարավո՞ր է: Նա չբացառեց դա, սակայն նշեց նաև, որ վերավաճառքի դեմ պայքարելու ցանկություն էլ չունի: «Դրա համար երկրում մենք համապատասխան մարմիններ ունենք, թող զբաղվեն այդ խնդրով»,- ավելացրեց Ռուբեն Հայրապետյանը: Առիթից օգտվելով` նա ֆուտբոլասերներին կոչ արեց խաղից գոնե 40 րոպե առաջ գալ մարզադաշտ` մուտքերի մոտ ավելորդ խցանումներ չառաջացնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում