Ն.Զոհրաբյան. «Մեզ համար կարևորն ու գերական ԵԽԽՎ-ում ներկայացվելիք ՀՀ պարտավորությունների կատարման զեկույցն է»
Հոկտեմբերի 3-7-ը Ստրասբուրգում նախատեսված է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, որը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի. օրակարգում է համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի և Աքսել Ֆիշերի զեկույցը` Հայաստանի պարտավորությունների կատարման և Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ:
Օրերս համազեկուցողները Փարիզում կայացած մոնիտորինգի նիստում արդեն իսկ զեկույցը ներկայացրել են ընդհանուր գծերով ու հայտարարել, որ դրական են գնահատում Հայաստանում վերջին բարեփոխումներն ու քաղաքական մթնոլորտի առողջացումը, այնպես որ, դժվար թե, զեկույցը մինչ ԵԽԽՎ լիագումար նստաշրջան լուրջ փոփոխություններ կրի: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը. «Իհարկե ադրբեջանցի մեր գործընկերները կփորձեն ինչ-որ ուղղումներ առաջարկել զեկույցում, բայց, ըստ իս, վեհաժողովը չի ընդառաջի և զեկույցը կընդունվի այն տրամաբանությամբ ու տեսքով, ինչպես և առաջարկվել է համազեկուցողների կողմից»,- ավելացրեց պատգամավորը:
Հերթական այս նստաշրջանը հանրային մեծ ուշադրության կենտրոնում է գտնվում մի շարք առումներով: Այդ թվում` քննարկվելու է որոշ երկրներում ապագա երեխայի սեռի որոշելու վերաբերյալ ԵԽ մտահոգությունների արդյունքում ծնված նախագիծ: Ն.Զոհրաբյանը տեղեկացրեց, որ այս իմաստով մտահոգություն առաջացնող ու ռիսկային երկրների թվում է նաև Հայաստանը` Ալբանիայի, Ադրբեջանի և այլ երկրների կողքին, այդ իսկ պատճառով ԵԽԽՎ-ում Հայաստանը ներկայացնող պատվիրակ Արմեն Մելիքյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է, համապատասխան զեկույց է պատրաստել:
Օրակարգային հաջորդ կարևոր հարցը Մարինա Շուստերի ներկայացվելիք զեկույցն է Ազգային սուվերենիտետների վերաբերյալ, որի շրջանակում զեկույցով հանդես կգա արդեն Ն.Զոհրաբյանը. «Այդ կոնտեքստում խոսելու եմ այնպիսի կարևոր սկզբունքի մասին, ինչպիսին ազգերի ինքնորոշման իրավունքն է, որը ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված է որպես գերակա սկզբունք և, հասկանալի է, խոսելու եմ Լեռնային Ղարաբաղի օրինակով»,- տեղեկացրեց տիկին Զոհրաբյանը:
Իսկ քանի որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում շարունակվում է Ուկրաինայի նախագահությունը և դրա շրջանակում ելույթով հանդես է գալու Ուկրաինայի արտգործնախարարը, ապա հայաստանյան պատվիրակության անդամներ, Ն.Զոհրաբյանը ևս, հերթագրված են արտգործնախարարին հարց ուղղելու նպատակով: Ի դեպ, մերոնցից հարցադրման կարժանանա նաև Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը. «Մի խոսքով, բավականին ակտիվ նստաշրջան է սպասվում, բայց, կրկնեմ, մեզ համար կարևորն ու գերական Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքի զեկույցն է»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան