Ոչ անմեղ պատումներ
«Առավոտը» խմբագրականում գրում է.«Հայկական ԶԼՄ-ներին հետևելիս ես միշտ զարմանում եմ իմ գործընկերների իրազեկության վրա: Բացում ես ընդդիմադիր թերթը և այնտեղից իմանում ես, թե ինչ է խոսել Սերժ Սարգսյանը իր ամենանեղ, ամենամերձավոր շրջապատում: Կամ նրանք «ժուչոկներ» ունեն նախագահի աշխատասենյակում, կամ էլ անձամբ մտնում են այդ նեղ շրջապատի մեջ:
Կարդում ես իշխանամետ լրատվամիջոցը և դարձյալ զարմանում ես` այդ որտեղի՞ց են իրենք իմացել, թե ինչ է ՀՀ առաջին նախագահը խոսել իր մտերիմների հետ: Եթե դուք այդ մտերիմների շարքում եք, ապա ինչո՞ւ եք ՀԱԿ առաջնորդին այդքան քննադատում: …
Այլ հարց է, երբ խոսք է գնում հանցագործության, առավել ևս` իրավապահ գործողությունների մասին, որոնք դեռ չեն ավարտվել: Տվյալ դեպքում նկատի ունեմ ավազակախմբի վնասազերծման երեկվա գործողությունը: Ցերեկվա ընթացքում, ով ինչ որտեղից լսել էր իսկույն տեղադրել էր իր կայքում: …Այդ ամենով հանդերձ` խնդիրը ոչ միայն մեր` լրագրողներիս մասնագիտական և էթիկական որակներն են, այլև իրավապահ մարմինների լրատվական ծառայությունների, մեղմ ասած, ոչ բավարար աշխատանքը: Երբ կա լրատվության հասարակական պահանջ, այդ ծառայությունները դանդաղաշարժ են և տեղեկատվություն չեն տրամադրումն, լրագրողները երբեմն ստիպված են դիմել «պատի տակի խոսակցությունների» օգնությանը: Չնայած դա արդարացում չէ»: