Վերջին տարիներին խոսքի ազատությունը Հայաստանում լուրջ առաջընթաց է արձանագրել
Անդրադառնալով Հայոց պետականության հաստատման 20 տարիներին` «Голос Армении»-ն նշում է, որ խոսքի ազատությունը Հայաստանում նույնպես որակական լուրջ փոփոխություններ է ապրել: «Այսօր, երբ իրավապաշտպան կազմակերպությունները խոսում են ԶԼՄ-ների վրա գործադրվող ճնշման մասին, նրանք նկատի չունեն լրատվամիջոցների գործունեության դադարեցումը քաղաքական հայացքների պատճառով, կամ էլ ուժային կառույցների կողմից խմբագրություններ քարուքանդ անելը: Անցել են այն ժամանակները, երբ սեփական կարծիքը հայտնելու համար լրագրողին կարող էին գնդակահարել հենց Երևանի կենտրոնում»,- գրում է թերթը:
Հոդվածագիրը շեշտում է այն փաստը, որ այսօր ՀՀ քրեական օրենսգրքից հանել են լրագրողին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հոդվածը և այսօր, երբ խոսում են լրատվամիջոցների մասին գործադրվող ճնշման մասին, պայքարում են նրա համար, որ դատական կարգով լրատվամիջոցներից որպես տուգանք խելամիտ գումար գանձվի և ոչ թե նրա համար, որ բացվեն փակված լրատվամիջոցները, քանի որ այդպիսիք պարզապես գոյություն չունեն: