Տաքսիների վարորդներին տեռորի են ենթարկում գծատերերը
«Երկիր»-ը գրում է, որ Աբովյանում տաքսիների վարորդներին տեռորի են ենթարկում գծատերերը:
«Ժամանակին քաղաքում գործում էին միջքաղաքային երթուղիներ, որոնց տոմսն արժեր 50 դրամ: Մոտ մեկ տարի առաջ դրանք փոխարինվեցին «Բոգդան» մակնիշի ավտոբուսներով, տոմսի արժեքն էլ դարձավ 100 դրամ, այն դեպքում, երբ քաղաքի մի ծայրից մյուսը Երևանի երեք կանգառի չափ հազիվ լինի: Ավտոբուսների ներկրումից անմիջապես հետո էլ արգելվեց Աբովյան-Երևան միկրոավտոբուսներին մուտք գործել քաղաք և հավաքել ուղևորների: Նրանց արդեն ավտոբուսներն են հասցնում ավտոկայան, որտեղից էլ կրկին գումար ծախսելով՝ հասնում են Երևան»:
Ապա թերթը հավելում է. «Քաղաքացիները սկզբից հաշտվել էին այս իրավիճակին, և շատ դեպքերում նույն փողոցում ապրող 4 ուղևորներ միանում էին և տաքսուն վճարելով յուրաքանչյուրը 100 դրամ` հասնում էին տուն: Այժմ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, տաքսու վարորդներին դուրս են հանում ավտոկայանից, որպեսզի բնակիչներն օգտվեն միայն «Դե լյուքս» ֆիրմայի տաքսիներից և ավտոբուսներից, որոնք պատկանում են Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանին:
Իսկ երեկ, արդեն, զծի տերերը տաքսիների վարորդներին պարտադրել են 1 հոգուց ավելի չվերցնել, իսկ եթե վերցնում են` ճշտել՝ ընտանիքի անդամներ են, թե ոչ, որպեսզի գծատերերը ուղևորների պակաս չունենան»: