Լոս Անջելեսեում Սերժ Սարգսյանը մասնակցել է Հայկական տնտեսական ֆորումի բացմանը
Սեպտեմբերի 25-ին Լոս Անջելեսի արվարձանում՝ Յունիվերսալ Սիթի քաղաքի «Հիլթոն» հյուրանոցում աշխատանքները մեկնարկեց Հայկական տնտեսական ֆորումը (ՀՏՖ), որի բացմանը մասնակցեց նաև աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Տնտեսական անդրանիկ ֆորումը նվիրված էր Հայաստանում տնտեսության և բանկային ոլորտի զարգացումներին:
Ինչպես հայտնում է Panorama.am-ի թղթակիցը, ֆորումին մասնակցել են 180 գործարարներ, որոնցից 20-ը Հայաստանից, իսկ 160-ը` Կալիֆորնիայից:
Բացման արարողության ժամանակ բացման խոսքով հանդես եկավ Bank of America ընկերության ֆինանսական խորհրդատու, ՀՏՖ կազմկոմիտեի նախագահ Րաֆֆի Կենդիրջյանը: Վերջինս իր խոսքում անդրադարձավ ֆորումի կազմակերպման նպատակներին ու առաքելությանը:
Հաջորդ ելույթները ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանինն ու Հայաստանի բանկերի ընկերակցության նախագահ Աշոտ Օսիպյանինն էին: Վերջիններս ֆորումի մասնակիցներին ընդհանուր գծերով ներկայացրեցին անկախությունից ի վեր տնտեսական բարեփոխումների իրականացման հարցում Հայաստանի անցած ուղին ու նախատեսվող ծրագրերը:
Ֆորումի առաջին նիստի ավարտին մասնակիցներին ողջույնի խոսք հղեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ֆորումից հետո ՀՀ նախագահը մասնակցել է ԱՄՆ-ում «Ամերիա» խմբի ներկայացուցչության բացման արարողությանը:
Հայկական տնտեսական ֆորումը կազմակերպվել է սփյուռքահայ մի շարք գործարարների նախաձեռնությամբ և նպատակ ունի Դավոսյան քննարկումների մոդելով հայկական սփյուռքին ծանոթացնել Հայաստանի տնտեսական ու բիզնես հնարավորություններին և խնդիրներին ու խթանել երկրում ներդրումները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա