«Պետք է մի քանի լեզու իմանաս»… «Քո մայրենիին պետք է գերազանց տիրապետես»
Գիտնականների պնդմամբ, օտար լեզուներ սովորելու կարևոր ու պարտադիր նախապայման է սեփական, մայրենի լեզվին կատարելապես տիրապետելը: Լեզվաբանները հավաստիացնում են, որ շատ լեզուների քերականական ու շարահյուսական համակարգեր նման են, ուստի մայրենիի պատշաճ ուսուցումն ամուր հիմք է հետագայում անգամ մի քանի օտար լեզու սովորելու համար:
«Ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես»… Այս արտահայտության հետ համամիտ են մեր հարցախույզին մասնակցած գրեթե բոլորը երևանցիները: Միաժամանակ նրանք նշում են, որ «նախ և առաջ քո մայրենիին պետք է գերազանց տիրապետես ու նոր օտար լեզուներ ուսումնասիրես»: Նրանցից մեկը նաև նկատեց. «Այսօրվա պայմաններում, իհարկե, պետք է մի քանի լեզու իմանաս, որպեսզի և լավ աշխատանք ունենաս, և տեղեկացված լինես, և աշխարհին համահունչ քայլես»:
Եվրախորհուրդն ու Եվրամիությունը արդեն 11 տարի է, ինչ սեպտեմբերի 26-ը նշում են որպես Լեզուների Եվրոպական օր: Հայաստանում նույնպես այսօր նշվում է Լեզուների եվրոպական օրը: Այդ առիթով կազմակերպվում են մի շարք միջոցառումներ:
Լեզուների եվրոպական օրվա շրջանակում Հայաստանում ֆրանսիական համալսարանում Եվրոպական միության աջակցությամբ տեղի է ունենալու համաժողով «Եվրոպական միության լեզվական քաղաքականությունը. բազմազանություն և ինտեգրացիա ապահովող միջոցները» խորագրով:
ԵՊԼՀ-ում համալսարանի անձնակազմի և ուսանողության ջանքերով կազմակերպվելու է Լեզուների եվրոպական օրվան նվիրված ամենամյա մեծ տոնակատարություն, որի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն կունենա մտովի տեղափոխվել օտար երկրներ: Նույն օրը համալսարանի Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնը կազմակերպում է Լեզուների Եվրոպական օրվան նվիրված «Օտար լեզուների ուսուցման օպտիմալացումը բազմալեզվության պայմաններում» թեմայով գիտաժողով:
Սեպտեմբերի 27-ին ԵՊԼՀ գրադարանի դահլիճում Եվրախորհրդի լեզվակրթական ծրագրերի իրականացման կենտրոնը կազմակերպում է Լեզուների Եվրոպական օրվան նվիրված «Մենք հարուստ ենք լեզուներով» թեմայով գիտաժողով:
Ի դեպ, նշենք, որ Քեմբրիջի Լեզուների հանրագիտարանի տվյալներով աշխարհում այսօր կա 6000-ից ավելի լեզու: Ֆրանսիական գիտությունների ակադեմիայի տվյալներով, ժամանակակից աշխարհում խոսում են ավելի քան 3000 լեզվով: ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների համաձայն, աշխարհում կա 2796 լեզու:
Բայց և այնպես, դեռևս ոչ ոք հստակ չի կարողացել պատասխանել, թե քանի լեզու կա աշխարհում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին