Գրական-երաժշտական երեկո՝ նվիրված Մարտիրոս Սարյանին
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը մասնակցելու է հոկտեմբերի 1-2-ին նախատեսված «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառմանը: Թանգարանից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ ծրագրում ներառված է գրական-երաժշտական երեկո՝ «Մարտիրոս Սարյանի գրական շրջապատը» խորագրով: Խոսվելու է ռուսական «արծաթե դարի» բանաստեղծների, հայկական և արտասահմանյան գրողների՝ նկարչի հետ ունեցած կապերի մասին: Ռուսական դրամատիկական թատրոնի դերասանները ներկայացնելու են հայտնի ռուս բանաստեղծների՝ Սարյանին նվիրված ստեղծագործությունները, հնչելու են Սարյանի սիրած երաժշտական գործերը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-2-ը Հայաստանում անցկացվելու է «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումը՝ «Գրավոր ժառանգություն» խորագրի ներքո՝ մշակութային ժառանգության ճանաչմանն ու հանրահռչակմանը միտված մի շարք նախաձեռնություններով: «Գրավոր ժառանգություն» թեմայի ընտրությունը պայմանավորվում է 2012 թ. նախատեսված երկու կարևոր մշակութային իրադարձությամբ՝ Հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ:
Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի հովանու ներքո ընթացող «Եվրոպա. ընդհանուր ժառանգություն» կարգախոսի համատեքստում Հայաստանը կանդրադառնա հազարամյակների խորքից ծնունդ առնող իր գրավոր խոսքին` Գեղամա լեռների ժայռապատկերներից մինչև սեպագիր ու վիմագիր արձանագրություններ, ձեռագիր մատյաններից մինչև 1-ին հայ տպագիր գիրք:
2012 թ. նախանշվող 2 մեծ մշակութային իրադարձություններին ընդառաջ` Եվրոպական ժառանգության օրերը կհանդիսանան լավագույն հարթակ` արժևորելու հայ գրավոր ժառանգության ակունքները մինչև մաշտոցյան այբուբեն ու Հակոբ Մեղապարտ, ինչպես նաև ընդգծելու գրավոր խոսքի` տարածության ու ժամանակի մեջ հաղորդակցության գլխավոր միջոցի դերն ու նշանակությունը:
Այս տարի միջոցառումների ծրագիրը կներառի այցելություններ դեպի այն հուշարձաններն ու վայրերը, ուր պատմականորեն ձևավորվել ու գործել են հայ գրչության ու կրթամշակութային կենտրոններ, միջնադարյան գրադարաններ ու համալսարաններ:
Նշենք, որ է «Եվրոպական ժառանգության օրերին» թանգարանների մուտքն անվճար է:
Եվրոպական մշակութային կոնվենցիան վավերացրած 50 պետություններ` 1985 թվականից ի վեր մասնակցում են Եվրոպական Խորհրդի և Եվրոպական Հանձնաժողովի համատեղ այս միջոցառմանը, որն անցկացվում է սեպտեմբերին: Հայաստանը Եվրախորհրդին միացել է 2001թ., իսկ Եվրոպական ժառանգության օրերին մասնակցում է 2003թ.: