«Orange գրքի մրցանակ 2011». Ներկայացվել է 130 ստեղծագործություն
Ավարտվեց հուլիսի 11-ին մեկնարկած «Orange գրքի մրցանակ 2011» գրքի մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը: Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, կազմակերպիչներն ընդունել են ընդհանուր թվով 130 ստեղծագոործություն, որոնցից 79 պատմվածքներ ու էսսեներ են, 16-ը` հեքիաթներ, 24-ը` դրամատիկական գործեր և 11-ը` վեպեր:
Այս պահից սկսվում է ժյուրիի անդամների ընթերցանության շրջանը, որի ավարտին յուրաքանչյուր կատեգորիայում կընտրվեն առավելագույնը լավագույն չորս գործերը, որոնք էլ հոկտեմբերի 7-ին` «Դարձ առ գիրք» գրքարվեստի փառատոնի ժամանակ կհանձնվեն ընթերցասերների լայն շրջանակների դատին: Հաղթողները կընտրվեն ընթերցողների առցանց քվեարկությամբ:
Հիշեցնենք, որ մրցույթի չորս անվանակարգերում` պատմվածք և էսսե, վեպ, հեքիաթ, դրամատիկական գործ և սցենար, մասնակցում են նրանք, ովքեր ստեղծագործում են հայերենով, ներկայացրել են նախկինում չհրատարակված գրական երկ և մշտապես բնակվում են Հայաստանում:
Յուրաքանչյուր ժանրում հաղթող ճանաչված ստեղծագործությունը կհրատարակվի առանձին գրքով, 500 տպաքանակով: Մրցույթի հաղթողները կհայտարարվեն նոյեմբերի 11-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:
Մրցույթի նպատակն է բացահայտել ժամանակակից հայ գրողներին, օրեցօր զարգացող էլեկտրանային մեդիայի միջոցով տարածել նրանց ստեղծագործությունները ընթերցողների առավել լայն զանգվածներին, ինչպես նաև խթանել հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ: Այս նախաձեռնությամբ Orange-ը նաև պատրաստվում է Երևանի հետ միասին նշել գրքի և ընթերցանության տոնը` ընթառաջ գնալով 2012թ., երբ Երևանը կդառնա գրքի համաշխարհային մայրաքաղաքը: Orange գրքի մրցանակը կազմակերպվում և իրականացվում է «Հայ գրքի կենտրոն» հասարակական կազմակերպության հետ միասին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները