Սեզարիա Էվորայի փոխարեն` Ալեսանդրո Սաֆինա
Աշխարհահռչակ երգչուհի Սեզարիա Էվորայի երևանյան համերգը չի կայանալու նրա առողջական ծանր վիճակի պատճառով: Այս մասին ասուլիսում հայտնեց «Երևանյան հեռանկարներ» փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ համերգը նախատեսված էր սեպտեմբերի 29-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում:
«Խրոնոգրաֆ» խանութ-սրահի ղեկավար Համազասպ Մելքումյանն ասաց, որ «Խրոնոգրաֆ» խանութ-սրահը և «Breguet» ժամագործական հանրահայտ բրենդը, որոնք Սեզարիայի համերգի կազմակերպիչն էին, հանդես են գալիս մեկ այլ նախաձեռնությամբ. նույն օրը, նույն ժամին, նույն վայրում տեղի կունենա աշխարհահռչակ իտալացի տենոր Ալեսանդրո Սաֆինայի համերգը։
Նշենք, որ «Խրոնոգրաֆ» խանութ-սրահը և «Breguet» ժամագործական հանրահայտ բրենդը համագործակցում են «Երևանյան հեռանկարներ» փառատոնի հետ:
Հ. Մելքումյանն ասաց, որ իրենք համերգին հրավիրել են իրենց հաճախորդներին, և միայն 450-500 տոմս են վաճառքի հանել` 5-35 հազար դրամ: Ս. Հովհաննիսյանն ասաց, որ նրանք, ովքեր ցանկանում են ներկա գտնվել Սաֆինայի համերգին, կարող են Սեզարիայի համերգի տոմսը փոխել Սաֆինայի համերգի տոմսով, իսկ նրանք, ովքեր չեն ցանկանում ներկա գտնվել Սաֆինայի համերգին, կարող են տոմսերը հետ վերադարձնել:
Ա. Սաֆինան իր առաջին անգամ կայանալիք հայաստանյան համերգին կներկայացնի երգացանկի ամենահայտնի երգերը՝ «Լունա» հիթային երգի գլխավորությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են