«Օլիգոպոլիան» Հայաստանում կլանում է փոքր բիզնեսը. ՏՄՊՊՀ-ն լռում է
Վանաձորում հիմնադրված դեղագործական «Սզնի» ՍՊԸ-ն սնանկացման եզրին է կանգնած. Դեղագործական մեկ այլ «Նատալի ֆարմ» ընկերությունը, որը պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, «խժռում է» ոլորտում գործող փոքր ու միջին բիզնեսը: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացնելով իր այս մտահոգությունները, «Սզնի» ընկերության հիմնադիր Գառնիկ Սահակյանն ասում է, որ «Նատալի ֆարմի» դեմպինգային գործունեության արդյունքում ինքն անելանելի դրության մեջ է հայտնվել, բիզնեսը ձեռքից գնում է, իսկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) լռում է:
Սահակյանի ներկայացմամբ, հայաստանյան հիվանդանոցներում լայն կիրառելիություն ունեցող «Ցեֆտրիակսոն» դեղամիջոցը «Նատալի ֆարմ» ընկերությունը, որը ներկրում է շուրջ 210 դրամով (45 ցենտ է կազմում), իջեցրել է գինը` հասցնելով 160 դրամի: «Տեսեք, այսքան էժանացրել է, և Տնտեսական մրցակցության հանձնաժողովն այնքան անզոր է, որ չի կարողանում «Նատալի ֆարմի» գործունեությունը գնահատել դեմպինգային, քանի որ եթե այդպես անի, ապա այդ ընկերությունը երեք տարով կզրկվի մրցույթներին մասնակցելու իրավունքից», -մեզ հետ զրույցում նկատեց Գառնիկ Սահակյանը:
«Նատալի ֆարմ»-ի անբարեխիղճ գործունեության մեկ այլ օրինակ էլ ներկայացրեց «Սզնիի» հիմնադիրը. Վանաձորի թիվ 1 հիվանդանոցի կողմից 11 անուն դեղորայք ձեռք բերելու համար հայտարարված մրցույթում «Սզնի» ՍՊԸ-ն ճանաչվել է հաղթող, սակայն նույն մրցույթում պարտված «Նատալի ֆարմ»-ը այդ 11 անուն դեղերից մեկը` «Ցեֆտրիակսոնի» 4000 սրվակ, որոշում է նվիրատվություն անել նույն հիվանդանոցին: Եվ արդյունքում բուժհիմնարկի ղեկավարությունը, փոխելով ապրանքների ձեռքբերման ու վճարման պայմանները, «Սզնի» ՍՊԸ-ին առաջարկել է պայմանագիր կնքել ոչ թե 11, այլ 10 անուն դեղորայքի մատակարաման համար:
«Սզնի» ՍՊԸ-ի շահերը պաշտպանող փաստաբան Էդմոն Մարուքյանը, մեզ հետ զրույցում, տեղեկացնում է, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Բորիկ Գրիգորյանի նախագահությամբ, մերժել է «Սզնի» ՍՊԸ-ի հայցը, և նրանք այժմ դիմել են Վերաքննիչ դատարան: Այստեղ բողոքը կլսվի հոկտեմբերի առաջին կեսին:
«Սա օրենքի խախտում է, քանի որ մրցույթի առարկայի բնութագիրը փոխվում է` մրցույթի հայտարարելուց և հաղթող ճանաչվելուց հետո, և որոշումը բացարձակապես անհիմն է: Ակնհայտ բավարարվող հայց էր, պատվիրատուի` հիվանդանոցի կողմից կատարված խախտումներն այնքան ակնհայտ էին, որ այդ հայցադիմումը չբավարարելու տարբերակ չուներ», -գնահատում է փաստաբանը:
«Ցեֆտրիակսոն» դեղը, որը հակաբիոտիկ է և օգտագործվում է շնչուղիների ու աղիքային ինֆեկցիաների դեպքում, տարեկան հիվանդաոցներում իրացվում է 600 հազար սրվակ: Սահակյանի խոսքով, նախկինում այդ դեղամիջոցի ձեռքբերման գինը եղել է շուրջ 300 դրամ, սակայն ոլորտում գերիշխող դիրք ունեցող «Նատալի ֆարմը» բուժհաստատություններին այն վաճառել է 2000 դրամով: Այժմ գները, ճիշտ է, նվազել են սակայն նույն ընկերությունը այլ հնարքներ է օգտագործում փոքր բիզնես ծավալող ընկերություններին շուկայից հանելու ուղղությամբ:
«Իրականացվել է մի պրոցես, որի ընթացքում փոքր բիզնեսին շուկայից շպրտելու տնտեսական քաղաքականություն են վարում: Իսկ ՏՄՊՊՀ-ն ոչ թե փոքր բիզնեսի կամ պետության շահերը պաշտպանող կառույց է, այլ վերածվել է խոշոր բիզնեսի տնտեսական շահերը պաշտպանող մի կոռումպացված կառույցի», -նշում է «Սզնի» ՍՊԸ-ի հիմնադիրը` նկատելով, որ նույն քաղաքականությունն է վարվում նաև շուկայում գործող 70-80 դեղագործական ընկերությունների դեմ:
«Սզնի» ՍՊԸ-ն հիմնադրման օրվանից 1993-ից Հայաստանում դեղերի մեծածախ ու մանրածախ բիզնեսով է զբաղվում: Սահակյանի խոսքով, փոքր ընկերւթյուն է, որի տարեկան շրջանառությունը կազմում է 500 հազար ԱՄՆ դոլար:
«Բայց արդեն կամաց-կամաց սնանկանալու շեմին եմ կանգնած: Դաշտը փակ է: Հայաստանում փոքր-միջին բիզնես չկա, կա օլիգոպոլ շուկա: Սա աբսուրդ անհեթեթ մի պայքար է, որը արդյունք չունի: Սրա վերջը արտագաղթն է լինելու», -մտահոգված է «Սզնիի» հիմնադիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան