Թուրքական կազմակերպությունը հրապարակել է Թուրքիայի հայերի խնդիրներին վերաբերող զեկույց
Ըստ «Ermenihaber.am» (Էրմենիհաբեր) լրատվական կայքի` Թուրքիայի տնտեսական և սոցիալական հետազոտությունների հիմնադրամը (TESEV) պատրաստել է զեկույց` Թուրքիայի հայերի խնդիրների վերաբերյալ:
«Լսել Թուրքիայի հայերին. խնդիրներ, պահանջներ, լուծումներ» վերտառությամբ զեկույցը անդրադառնում է Թուրքիայի հայկական դպրոցները դասագրքերով ապահովելու և ուսուցիչների աշխատավարձերի վճարման համար պետական աջակցություն տալու անհրաժեշտությանը:
Զեկույցում մասնավորապես նշվում է, որ անհրաժեշտ է համալսարաններում հայոց լեզվի և գրականության ամբիոններ բացել, հայերեն ռադիո և թատրոններ հիմնելու հնարավորեւթյուն տալ: Ինչպես նաև սահմանադրությամբ ամրագրել բոլոր էթնիկ խմբերի համար հավասար իրավունքներ:
Ըստ զեկույցի` հայաստանցի երեխաներին պետք է «ՄԱԿ-ի երեխաների իրավունքների հռչակագրի» դրույթների համաձայն, մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորություն ընձեռնել:
«Պատմության գրքերը պետք է մաքրվեն հայերի հանդեպ ատելություն ու թշնամություն սերմանող արտահայտություններից: Վերականգնված հայկական եկեղեցիները պետք է գործեն և հանձնվեն հայ պատրիարքությանը»,-նշվում է զեկույցում:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` զեկույցում նշվում է. «Թուրքիայի և Հայաստանի միջև ստորագրված արձանագրությունների վավերացումը և սահմանի բացումը կնպաստեն 2 երկրների հարաբերութունների կարգավորմանը: «Հարևանների հետ զրո խնդիր» քաղաքականությունը պետք է կյանքի կոչել ` չկենտրոնանալով ցեղասպանության ու Ղարաբաղի հարցերի վրա:
Զեկույցի` Հրանտ Դինքի սպանությանը վերաբերող մասում ասվում է,- «Բոլոր մեղավորներներն ու պատասխանատուները պետք է բացահայտվեն: Կառավարությունը պետք է ստանձնի այս գործում մեղադրվող պետական պաշտոնյանների հարցաքննության պատասխանատվությունը»: