ՀԱԿ-ը գողացե՞լ է ծրագիրը
«Առավոտ» թերթում Ֆիզմաթ գիտությունների թեկնածու Մանե Հակոբյանը բաց նամակ է գրել վարչապետ Տիգրան Սարգսյանին, որում ՀԱԿ-ին մեղադրում է գրագողության մեջ: Թերթը մեջբերում է նամակից մի հատված` ակնկալելով ՀԱԿ-ի պատասխանը. «ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ղեկավար կազմի մի ստվար խմբի կողմից` ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ պրն Հրանտ Բագրատյանի անմիջական ղեկավարությամբ, 2009թ. աշնանից սկսած խախտվում են իմ հեղինակային իրավունքները: Մի խումբ անձինք ջանում են յուրացնել իմ հեղինակած «ՀՀ գիտության և կրթության ոլորտների համակարգային վերափոխման և կայուն զարգացման ծրագիրը» (այսուհետ` համալիր «Ծրագիր»), այս պահի դրությամբ` նրա «Գիտության բաժինը»:
Իմ համալիր «Ծրագրի» նկատմամբ միանձնյա հեղինակային իրավունք ունեմ (այն ամրագրված է 08/1779 30.04.2010թ., N-07/150, 03.05.2010թ.): Բացի այդ, այն ամբողջությամբ տպագրվել է «Հետք»-ում (20.09.2010թ.` «Ծրագրի» «Գիտության բաժինը», 13.10.2010թ.`«Հանրակրթության բաժինը» և 20.10.2010թ` «Բարձրագույն կրթության բաժինը»): Եվ այս ամենի մասին ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ղեկավար կազմը ի սկզբանե գրավոր կերպով տեղեկացված է եղել»: