Թուրք-ադրբեջանական դիվանագիտությունը հայտնվել է փակուղում
«Голос Армении»-ն նշում է, որ հունիսի վերջին Կազանում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ գործընթացը, կարծես թե, փոքր-ինչ սառեցվել է: Այս կապակցությամբ իրավիճակի վրա լույս է սփռում ՀՀ արտգործնախարարի հայտարարությունը Նյու-Յորքում Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի և Իգոր Պոպովի հետ հանդիպման ժամանակ: Է. Նալբանդյանը նշել է, որ գործընթացում զգալի առաջընթաց կարող է լինել, եթե Բաքուն հրաժավի այն 10 ուղղումներից, որոնք Ի. Ալիևը ներկայացրել էր Կազանում:
Թերթը նշում է, որ միջազգային հանրությունը նույնպես գիտակցում է, որ Բաքուն խոչընդոտում է խաղաղ գործընթացը, հետևաբար, կամ Ադրբեջանը պետք է հրաժարվի իր «ուղղումներից» կամ էլ… «… ուրիշ կամ էլ չի կարող գոյություն ունենալ, քանի որ ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ կայացած ռազմական շքերթով Երևանն ուլտիմատում ներկայացրեց Բաքվին, որ հարցը ռազմական ճանապարհով լուծելու փորձ անելու դեպքում Ադրբեջանը անհաջողություններ կունենա»,-գրում է թերթը` նշելով, որ «հայկական ճակատում» թուրք-ադրբեջանական դիվանագիտությունը փակուղի է մտել: