Պարալիմպիկ խաղերին հայ մարզիկները պատրաստվում են ամենայն պատասխանատվությամբ
Պարալիմպիկ խաղերի մեկնարկին մեկ տարուց էլ պակաս ժամանակ է մնացել, իսկ սպորտային աշխարհում կարևորագույն այս միջոցառմանը պատրաստվելու համար մարզիկների համար էական է յուրաքանչյուր օրը:
1948 թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերին զուգահեռ անցկացված միջոցառումներն սկիզբ դրեցին պարալիմպիկ շարժմանը: Առաջին խաղերը կազմակերպվել են Հռոմում, 1960 թ.: Եթե առաջին Պարալիմպիկ խաղերին մասնակցում էր 400 մարզիկ 23 երկրից, ապա արդեն 2008 թ. Պեկինի խաղերին` 146 երկրի 3951 ներկայացուցիչ:
Պարալիմպիկ խաղերին արժանվույնս ներկայանալու համար հայ մարզիկներն այս օրերին ակտիվորեն մարզվում են: Պարապմունքների ընթացքում պարալիմպիկ 11 հայ մարզիկներին է հանդիպել լուսանկարիչ Վիգեն Մնոյանը և 22 լուսանկարի միջոցով փոխանցել նրանց` հանգամանքներն ու խոչընդոտները հաղթահարելու կորովն ու ցանկությունը:
2012 թ. Լոնդոնի Պարալիմպիկ խաղերին ընդառաջ Երևանում Բրիտանական դեսպանատունը, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը, Հայաստանի Ազգային պարալիմպիկ կոմիտեն, «Samsung Electronics»-ի Հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ կազմակերպում են մարզաձևերի ցուցադրություն և լուսանկարների ցուցահանդես: Ցուցահանդեսի այցելուները քվեարկության արդյունքում կընտրեն երեք լավագույն լուսանկար, իսկ այդ լուսանկարներում պատկերված մարզիկները կստանան նվերներ Օլիպիական խաղերի պաշտոնական հովանավոր «Սամսունգ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության կողմից:
Լուսանկարներին կից ներկայացվելու են նաև հաշմանդամություն ունեցող մարզիկների պատմությունները, որոնցից յուրաքանչյուրը սեփական հաջողություներն ու նվաճումները կերտելու օրինակներ են: Կպատմվի («See Britain» ֆիլմաշարից) ոսկե մեդալակիր բրիտանացի պարալիմպիկ մարզուհի բարոնուհի Թանի Գրեյ Թոմսոնի մասին:
Լուսանկարներն այնուհետև տեղադրվելու են Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ֆեյսբուքյան էջում (http://www.facebook.com/britishcouncilarmenia): Ֆեյսբուքյան էջի մասնակիցների համար կկազմակերպվեն մի շարք հարցումներ և քվեարկություններ:
Սեպտեմբերի 29-ին պարալիմպիկ մարզիկները, «Փյունիկ» հաշմանդամների միության, Երևանում Բրիտանական դեսպանատան և Բրիտանական խորհրդի ներկայացուցիչները կբարձրանան Արագածի գագաթը: Հայկական դրոշը բարձրացնելով ավելի քան 3000 մետր բարձրության վրա` Լոնդոնի Պարալիմպիկ խաղերին ընդառաջ հայ մարզիկները խորհրդանշական այս քայլով կհաստատեն հաղթանակին հասնելու իրենց պատրաստակամությունը: Այս մասին հայտնում է Երևանում Բրիտանական դեսպանատունը: