Վայքի բժշկուհին ազատվել է պաշտոնից. նա ծննդատուն էլ չի գնում
Վայքի հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Մետաքսյա Հովհաննիսյանը առողջապահության նախարարի հանձնարարությամբ, Վայոց ձորի մարզպետի հրամանով աշխատանքից ազատվել է: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետի տեղակալ Արտաշես Գալստյանը:
Նրա խոսքով, այս ծննդատան վարիչն աշխատանքից ազատվել է բժշկական էթիկայի ու նորմերի կոպիտ խախտման հիմնավորմամբ:
Հիշեցնենք, որ այս ծննդատանը, ինչպես ներկայացրել էին նրա հարազատները բժշկուհի Մետաքսյա Հովհաննիսյանը ոչ կոռեկտ է պահել իրեն ու անմիջապես բուժօգնություն չի ցուցաբերել ցավեր ապրող հղիին: Երբ վերջինը ծննդաբերել է, երեխան եղել էր ծանր վիճակում, նրա մոտ ախտորոշվել էր ասֆիքսիա և արդեն Երևանի Մուրացան կլինիկայում շուրջ 20 օր շնչառական ապարատի օգնությամբ ապրելուց հետո նա մահացել էր: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի ցուցումով ոստիկանության Վայոց Ձորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով «Բժշկակական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը»:
Գալստյանը փոխանցեց, որ այժմ Մետաքսյա Հովհաննիսյանը, որն ազատվել է միայն վարիչի պաշտոնից և կարող է ուղղակի ծննդատանը աշխատել որպես մանկաբարձ-գինեկոլոգ, աշխատանքի չի գալիս: «Հիմա նա հոգեբանական ծանր վիճակում կարող է լինել, ինչն էլ հնարավոր է այլ դժբախտությունների պատճառ դառնալ» ,- նկատեց մարզպետարանի պաշտոնյան:
Նրա խոսքով, եթե դատաբժշկական փորձաքննության արդյունքները պատրաստ լինեն և եզրակացություն լինի, որ բժշկական սխալ է կատարվել Մետաքսյա Հովհաննիսյանի գործողությունների հետևանքով, ապա նա որպես մանկաբարձ-գինեկոլոգ չի կարող շարունակել աշխատել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան